ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Էրդողանին մեղադրել է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից: Այս կարծիքը Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի է օգտագործում, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից: Մենք չպետք է նրան հարմարվենք»,-ասել է նա:
Գաբրիելի խոսքով՝ ԳՖՀ-ի իշխանությունները երկար ժամանակ «մեղմորեն էին հակազդում» Անկարայի հարձակումներին: «Բայց հաշվի առնելով, որ Թուրքիայում կալանքի տակ են գտնվում գերմանացիներ, եւ Թուրքիայի իշխանությունները 680 ֆիրմաներ հայտարարել են ահաբեկիչների աջակիցներ, մեզ հարկավոր էր հակազդել»,-նշել է նախարարը եւ հավելել, որ «Անկարայի վրա տնտեսական ճնշումը գործուն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: