Բաժիններ՝

«Ես կոչով դիմում եմ Թուրքիայի իշխանություններին. ազատե՛ք մեր լրագրողներին և ոչ միայն նրանց». Յունկեր

Թուրքիան արագորեն հեռանում է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված տարեկան ուղերձով:

«Թուրքիան արդեն որոշ ժամանակ է, ինչ սրընթաց, հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից»,-ասել է Յունկերը:

Նա նաեւ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանությունների կողմից լրագրողների հալածանքները՝ պահանջելով ազատել Թուրքիայում ձերբակալված եվրոպացի թղթակիցներին: «Ես կոչով դիմում եմ Թուրքիայի իշխանություններին՝ ազատե՛ք մեր լրագրողներին եւ ոչ միայն նրանց: Դադարե՛ք վիրավորել մեր ղեկավարներին՝ նրանց անվանելով ֆաշիստներ ու նացիստներ»,-նշել է նա:

Յունկերի խոսքով՝ Եվրոպան «հասուն ժողովրդավարության աշխարհամաս է»: «Նրանք, ովքեր գիտակցաբար վիրավորում են նրան, ոչնչացնում են կամուրջներ գցելու բոլոր հնարավորությունները: Ինձ մոտ երբեմն այն զգացողությունն է առաջանում, որ Թուրքիայում ոմանք ցանկանում են այրել բոլոր կամուրջները, որպեսզի հետո ԵՄ-ին մեղադրեն միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վիժեցնելու մեջ»,-հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս