
«Եթե գլխավորեմ «Բավարիան», կդառնամ շատ ավելի երջանիկ». Յուլիան Նագելսման

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ակնարկել է, որ դեմ չէ գլխավորել «Բավարիան»: Բունդեսլիգայի ամենաերիտասարդ մարզիչն ակնարկել է, որ մի օր կցանկանար դառնալ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը:
««Բավարիան» իմ երազանքներում մեծ դեր է խաղում: Ես ծնվել եմ Լանդսբերգ-Ամ-Լեխ քաղաքում, որն այդքան էլ հեռու չէ Մյունխենից, որտեղ ես նույնպես երկար տարիներ ապրել եմ: Մենք ընտանիքով տուն ենք կառուցում Մյունխենում, և կինս՝ երեխայիս հետ միասին, շուտով կտեղափոխվի այնտեղ: Մյունխենը մեր հարազատ քաղաքն է:
Դա չի նշանակում, որ ես կհիասթափվեմ կյանքից, եթե չդառնամ «Բավարիայի» մարզիչը: Նույնիսկ այդ դեպքում ես, միևնույն է, կմահանամ՝ որպես երջանիկ մարդ: Ես երջանիկ կյանք ունեմ, բայց «Բավարիան» ինձ կարող է ավելի երջանիկ դարձնել»,- պատմել է Նագելսմանը Eurposport-ի եթերում:
Նշենք, որ Գերմանիայի առաջնության վերջին խաղում Նագելսմանն իր «Հոֆենհայմի» հետ միասին հաղթեց «Բավարիային»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը