Շիրակ Թորոսյանը հայ-վրացական հարաբերություններում զարգացման նոր դինամիկա է կանխատեսում

Հայ-վրացական հարաբերություններում նոր, խոստումնալից փուլ է սկսվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դիտարկելով Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությանն առնչվող վերջին զարգացումները՝ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

«Դա պայմանավորված է տարածաշրջանում երկկողմ ընդհանուր շահերի առկայությամբ. կարծում եմ, որ հենց այդ ընդհանրական շահերը կողմերին կմղեն միմյանց ընդառաջ: Անկախ արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերություններից՝ հայ-վրացական հարաբերություններում զարգացման նոր դինամիկա է սպասվում»,- ասաց նա:

Շիրակ Թորոսյանի խոսքով՝ վերջին շրջանում հատկապես նկատվել է երկխոսության մակարդակի բարձրացում, քննարկվող հարցերի շրջանակն ավելի իրատեսական է դարձել:

«Դա իմ գնահատականն է, որ նախկինում հայ-վրացական հարաբերություններն ավելի շատ ձևական, լոզունգային մակարդակ ունեին, և իրական զարգացման դինամիկա չէր նկատվում, ինչը պայմանավորված էր նաև թուրք-ադրբեջանական գործոնի էական դերակատարությամբ, այն ժամանակների վրացական իշխանությունների՝ դեպի թուրքական գործոնը հակված լինելու հանգամանքով: Իսկ հիմա շփումները, քննարկումներն ավելի բովանդակային են, ինչն էլ հնարավորություն է տալիս ձեւավորել ավելի պրագմատիկ օրակարգ»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով օրերս Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի՝ Հայաստան կատարած այցին, Շիրակ Թորոսյանը նշեց, որ այն կարելի է համարել նշանակալի փաստ միջպետական հարաբերություններում՝ չնայած վերջին շրջանում Հայաստանը և Վրաստանը բարձրաստիճան փոխայցելությունների պակաս չեն ունեցել:

«Որպես հարեւան, բարեկամ երկրներ՝ նման այցելություններն օրինաչափություն են, և ես բնականոն եմ համարում դրանք, քանի որ միջպետական հարաբերությունների զարգացման դինամիկան կախված է պաշտոնական հանդիպումների որակից, շփումներից, մակարդակից: Օրերս էլ տեղի կունենա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան»,- նշեց նա:

Հայաստանի և Վրաստանի համար, ըստ պատգամավորի, շարունակում են ակտիվ քննարկման առարկա մնալ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև Լարսին այլընտրանքային ճանապարհի փնտրտուքները:

«Ընդհանուր հետաքրքրություններ էլ կան այն առումով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ԵՄ հետ սերտ հարաբերություններ ունի, և երկու երկրներն էլ այդպիսի հզոր կառույցներում ունեցած դիրքը և տեղը փոխադարձ շահերի շրջանակում կարող են օգտագործել: Զբոսաշրջության ոլորտում ևս կա համագործակցության հեռանկար փորձի փոխանակման առումով, ինչն իրականացնելու ցանկություն է հայտնել Հայաստանը: Վրացական կողմն էլ, իր հերթին, ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի տեղեկատվական ձեռքբերումների նկատմամբ»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս