Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ նախագահ լինի. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի ԵՏՄ-ի կազմից դուրս գալու նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բնական համարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է նման նախաձեռնություններով հանդես գան, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԵՏՄ-ի անդամակցության հարցում իր կարծիքը չի փոխել:
-Պարո՛ն Սահակյան, «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց նախաձեռնությանը:
-Ընդդիմադիր քաղաքական ուժ է, իր կարծիքն է հայտնել, սակայն այն ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մենք այդ առումով մեր կարծիքները ներկայացրել ենք: Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ի հետ մեծ համագործակցություն է սպասվում: Որոշ դեպքերում մարդիկ գտնում են, որ պետք է հակադարձել «Ելք»-ի կարծիքին, սակայն ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հակադարձել, մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են:
-Պարո՛ն Սահակյան, Ձեզ ինչպիսի՞ «ժառանգորդ» եք համարում Արա Բաբլոյանին: Օրինակ՝ պատգամավորներից շատերը նշում են, թե նա ավելի խիստ է` ընդհուպ պատգամավորների բացակայությունների հարցում:
-ԱԺ նախագահն այսօր բացակաների հետ կապ չունի: Երբ ես ԱԺ նախագահ էի, կանոնակարգով ես էի այդ հարցը որոշում: Այսօր, եթե որեւէ մեկը բացակա է, եթե գործուղման չէ, կամ այլ պատճառ չկա, ապա նրա բացական համարվում է բացակա, եւ ոչ ոք նրա բացական չի կարող դարձնել ոչ բացակա:
-Նա ամբողջովի՞ն է կատարում Ձեր նշած գործառույթները:
-Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ ԱԺ նախագահ լինի: Իսկ այդ գնահատականները կարող ենք 10, 20 ամիս հետո տալ: Այժմ կանոնակարգով էլ ամեն ինչ արված է, որ նիստերը չխաթարվեն եւ կարգուկանոնով առաջ գնան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: