
Էրդողանը՝ Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու մասին

Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին:
ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Sozcu» կայքին, գրում է, որ Էրդողանը վերահաստատել է նշյալ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշել, որ արդեն կատարվել է կանխավճարը:
«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացքային փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:
Ռուսաստանից ևս Էրդողանի պարզաբանումը հաստատող հայտարարություն է հնչել. ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Ալեքսանդր Կոժինը նշել է, որ Թուրքիայի հետ կնքված S-400 համակարգերի վաճառքի պայմանագիրը իրագործվելու է: Միևնույն ժամանակ հավելել է, որ Թուրքիայի հետ նման գործարքը լիովին բխում է Ռուսաստանի շահերից և այդ իմաստով հասկանալի են արևմտյան որոշ երկրների քննադատական ռեակցիաները: