Բաժիններ՝

«ՀԲ-ի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում Հայաստանում նախաձեռնված ծրագրերի ֆինանսական հոսքը կազմել է 2.3 միլիարդ դոլար». Կարեն Կարապետյան

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համագործակցության 25-ամյա տարելիցին ուղղված ֆորումի բոլոր մասնակիցներին»,- այսօր «Ապագայի Հայաստանը» ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ իրենք մեծապես կարևորում են Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությունը և ուրախ են, որ համատեղ ջանքերով այն շարունակական է և ունի զարգացման միտում.

«Համաշխարհային բանկը Հայաստանի համար առանցքային գործընկեր է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ժամանակակից ինստիտուտների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց: 2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրից անցնում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին»:

Կարդացեք նաև

Վարչապետի խոսքով՝ ներկայումս ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր. «Այդ ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ: Ուրախ եմ փաստելու, որ կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են: Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է՝ ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք հանդիսանա Հայաստանի և Բանկի համագործակցության առանցքային հենասյունը»:

Կ. Կարապետյանը նկատեց, որ Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ «տպավորիչ» է. «Նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար: Այժմ Բանկի վարկային պորտֆելը Հայաստանում 620 միլիոն դոլարի սահմաններում է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս