«Եթե աշխատանք են առաջարկում, ապա պահանջատեր են լինում…». ինչո՞ւ է Դավիթը նախընտրում փողոցում երգել

«Եթե աշխատանք են առաջարկում, ապա պահանջատեր են լինում…». ինչո՞ւ է Դավիթը նախընտրում փողոցում երգել

Երևանի կենտրոնական փողոցներում, հատկապես՝ Հյուսիսային պողոտայում, ճաշակով երաժշտություն մատուցող կիթառով տղան Դավիթ Դանիելյանն է։ Դավիթը 21 տարեկան է։ Ունենալով բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն՝ նա որոշել է ամեն ինչ մի կողմ թողնել և զբաղվել երաժշտությամբ։ Թեև չի բացառում, որ առաջիկայում, այնուամենայնիվ, կընդունվի համալսարան։

«Փոքրուց սիրել եմ երգել.  հաճախել եմ մանկական երգչախումբ, 7 տարեկանում ջութակի եմ գնացել, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ եմ թողել։ Հետո սիրահարվեցի կիթառին. մոտ 6 տարի սիրողական էի նվագում, ինքնուս էի, բայց արդեն մոտ 2 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ կիթառով։ Տարիքիս պատճառով ինձ մի կերպ ընդունեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը։

Կիթառ նվագել Դավիթը սովորել է ընկերոջ «հին, սովետական» կիթառի վրա.

«Շատ վատ կիթառ էր, բայց մատներս վերք անելով՝ նվագում էի։ Հետո աշխատեցի, ունեցա իմ առաջին կիթառը»։

Սպասարկման ոլորտում աշխատող տղան որոշում է թողնել աշխատանքը և զբաղվել սիրած գործով.

«Փոքր երգացանկ ունեի և որոշեցի, որ պետք է գամ և դրսում նվագեմ։ Ընկերներս հետս եկան, ոգևորեցին։ Մարդկանց հենց սկզբից դուր եկավ, դա ինձ ոգևորեց։ Մեզ մոտ կարծրատիպեր կային.  փողոցում երաժշտություն մատուցողներն ասոցիացվում էին մուրացկանության հետ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա նույնիսկ բենդերն են դրսում նվագում»։

Իր սեփական բենդն ունենալը Դավիթի համար երազանքից վերածվեց նպատակի, և արդեն այն կազմավորվել է.

«Հաջորդ շաբաթվանից կսկսվեն փորձերը, և մինչև ամսվա վերջ երևի համերգ կունենանք։ Դրսում էլ կունենանք համերգներ, բայց հիմա նախատեսում ենք փաբերում և ակումբներում համերգներ տալ»։

Տարբեր փաբերից աշխատանքի առաջարկներ Դավիթը շատ է ստացել, բայց մերժել է:

«Եթե աշխատանք են առաջարկում, ապա պահանջատեր են լինում, իսկ ես ուզում եմ ինքս առաջարկել»,- պարզաբանեց նա։

Երիտասարդ երաժիշտը նաև երգեր է գրում, բայց դրանք դեռ չի ներկայացնում հանրությանը. «Տեքստերի վրա մենակ չեմ աշխատում, ինձ օգնում են ընկերներս, իսկ երաժշտությունն ինքս եմ գրում։ Բայց չունեմ ավարտված որևէ երգ, թեև շուտով կունենամ»։

Հիմնականում ջազ և բլյուզ մատուցող Դավիթը շատ է սիրում Կոմիտասի երաժշտությունը.

«Երևի իմ գեներն են խոսում։ Իմ բոլոր պապերն Արևմտյան Հայաստանից են։ Երբ Կոմիտաս եմ լսում՝ ավելի շատ հոգիս է լսում, քան մարմինս. ապրում եմ Կոմիտասի երգերով։ «Խազեր» երգչախումբ էի հաճախում, կրթություն չունեի, բայց իրենց տենոր էր պետք։ Իրենք իմ մեջ Կոմիտասի հանդեպ սերն է՛լ ավելի ամրապնդեցին։ Ափսոս, որ դա էլ կիսատ թողեցի. նորից ժամանակի և ֆինանսի հետ կապված խնդիրներ կային, դրա համար կիսատ մնաց «Խազեր» հաճախելս։ Բայց Կոմիտասը չեմ կարող կիսատ թողնել։ Նույնիսկ դասական կիթառի դասերին նվագում եմ Կոմիտաս»։

Դավիթի նպատակները երաժշտության հետ են կապված՝ ունենալ բենդ, բենդով ճամփորդել։

«Ես իմ կյանքում առաջինը Աստծուց եմ շնորհակալ, հետո՝ մայրիկիցս, ընտանիքիցս՝ իմ դաստիարակության, բնավորության համար։ Շնորհակալ եմ նաև ընկերներիցս. իրենք ինձ շատ են աջակցում»,- մեր զրույցի վերջում ասաց Դավիթը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։