«Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից ակնկալվող ներդրումների ակտիվությունը մեր երկրում բավականին սահմանափակ է». Հովհաննես Ազիզյան

Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ

–  Պարոն Ազիզյան, ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումից անցել է 4 տարի։ Ի՞նչ արդյունքներ և ի՞նչ խնդիրներ կարող եք արձանագրել։

– Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամակցությունը մոտ 2.5 տարի է։ Մենք միշտ էլ ասել ենք, որ, իհարկե, ժամանակը կարճ է, բայց բավականին աշխատանքներ են իրականացվել միասնական շուկա ձևավորելու ուղղությամբ, այդ թվում՝ գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային փոխադրումների միասնական շուկաներ ձևավորելու համար։ Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, իսկ վերջնական ձևավորման մասին կարելի կլինի խոսել 2025 թ., երբ աշխատանքներն արդեն ավարտված կլինեն։

Այս փուլում մենք ունենք առնվազն արտահանման և ներմուծման բավականին լավ ցուցանիշներ։ 2016 թ. ՀՀ-ից ԵԱՏՄ շուկա արտահանման աճը մոտ 55% է կազմել, այս տարվա 7 ամիսների տվյալներով՝ մոտ 30 % աճ։ Այսինքն՝ անցած տարի բազան բավականին մեծացել էր, և արդեն 30 % աճ արձանագրել ենք։ Կարող ենք ասել, որ մեր ապրանքները բավականին դյուրացված մեխանիզմներով գնում են այդ շուկա, որը լրացուցիչ հնարավորություներ է տալիս՝ ապրանքը վաճառել և գործունեություն իրականացնել այնտեղ։

Կարդացեք նաև

Այսինքն՝ առևտրատնտեսական ցուցանիշների մասով ունենք լուջ արդյունքներ, և այդ տեսանկյունից կարելի է բավականին դրական գնահատել այն օգուտները, որ մեր տնտեսվարողները ստացել են՝ իրենց ապրանքն արտահանելով ԵԱՏՄ։

Ստացված օգուտը, բնականաբար, նպաստում է, որ արտադրողները կարողանան գրավել նաև 3-րդ երկրների շուկաներ, քանի որ, եթե ԵԱՏՄ-ում «Արտադրված է Հայաստանում» բրենդը ճանաչելի է, և սպառողը շատ լավ է գնահատում մեր ապրանքի որակը, այլ շուկաներում բավականին լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացվեն, որ կարողանանք մեր ապրանքը վաճառել։

Իսկ շուկաների դիվերսիֆիկացումը և՛ բիզնեսի, և՛ պետության համար շատ կարևոր խնդիր է։ Այդ առումով ևս գտնում ենք, որ ԵԱՏՄ շուկան մեր ապրանք արտահանողներին հնարավորություն տվեց ձևավորել եկամուտներ և աշխատանքներ իրականացնել դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, մեր քննարկումները ցույց են տվել, որ նաև երկրի ներդրումային գրավչությունն է բարձրացել այն տեսանկյունից, որ Հայաստանն այժմ ներդրողների կողմից դիտարկվում է ոչ թե՝ փոքր, 3 մլն-անոց շուկա, այլ մեծ՝ 180 մլն-անոց շուկա։ Եվ քանի որ ապրանքների տեղաշարժն ու ծառայությունների մատուցումն ազատականացված է, արդեն իսկ ներդրողները Հայաստանը դիտարկում են ներդրում իրականացնելու և ԵԱՏՄ շուկաներ իրենց ապրանքն արտահանելու ուղղություն։

– Կարո՞ղ եք նշել փաստեր, օրինակներ, ընկերություններ, որ արդեն եկել են Հայաստան հենց այդ նպատակով։

– Կան չինական ընկերություններ, որ հետաքրքրված են, մասնավորապես՝ չինական կենցաղային տեխնիկա արտադրող ընկերություններ, օրինակ՝ «Հայսենսեն», և այժմ մենք իրենց հետ քննարկում ենք այստեղ արտադրություն բացելու հնարավորությունը։ Իրենց հիմնական շուկան ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ շուկան է, նաև մտածում են իրանական շուկա ապրանք արտահանելու մասին։ Վիետնամական ընկերությունների հետ քննարկում ենք թեթև արդյունաբերության գործարաններ բացելու հարցը, և նրանք նույնպես մտադիր են արտադրանքը սպառել ոչ թե՝ Հայաստանի 3 մլն-անոց, այլ՝ ԵԱՏՄ մեծ շուկայում։

Եվրամիությունից, Արաբական միացյալ էմիրություններից ներդրողներ կան, որոնց հիմնական խնդիրը ևս ոչ թե՝ Հայաստանում, այլ՝ ԵԱՏՄ շուկայում ապրանք իրացնելն է։ Այդ ընկերությունները հաշվի են առնում նաև մեր երկրի գործարար միջավայրը, որ Հայաստանում ամենալավ ցուցանիշներն են ԵԱՏՄ երկրների մեջ։ Մեր ունեցած համակարգը, կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները, մաքսային և հարկային հնարավոր աջակցությունը շահագրգռող է։

– Հայաստանից արտահանման աճն ինչո՞վ է պայմանավորված, ՀՀ-ում արտադրությո՞ւնն է ավելացել, թե՞ երրորդ երկրներից ներկրվում է, և որպես ՀՀ արտադրանք՝ արտահանվում է ԵԱՏՄ։

– Վերաարտահանման ծավալները շատ փոքր են, հիմնականում տեղում արտադրված արտադրանքն է արտահանվում ԵԱՏՄ շուկաներ։ Ընդ որում՝ ԵԱՏՄ շուկա արտահանվում է մեր պատրաստի արտադրանքը, որի մեջ հանքահումքային կամ այլ տիպի ապրանք չի մտնում, որոնց ավելացված արժեքը բավականին փոքր է։ Այս դեպքում հիմնականում պատրաստի արտադրանքն է, որի ավելացված արժեքը շատ մեծ է։ Կրկնեմ՝ վերաարտահանման պրոցեսների, որ իրականացվում են օրինական դաշտում, ծավալները շատ փոքր են։ Դրա մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է։

– ԵԱՏՄ-ի կայացման ճանապարհին Հայաստանն ի՞նչ խնդիրներ ունի։

– Կարևոր խնդիրն ընդհանրապես ԵԱՏՄ շրջանակներում, որ բավականին մեծ փորձ ունեցող կառույց չէ, ընդամենը մի քանի տարվա փորձ ունի, ամենամեծ խնդիրը տարբեր երկրներում գործող օրենսդրական, բիզնեսի կարգավորման դաշտերի միասնականացումն է, ինչը հնարավորություն կտա գոյություն ունեցող սահմանափակումները, խոչընդոտները վերացնել, որ կարողանանք ապրանքների, աշխատուժի, ծառայությունների, այսինքն՝ բոլոր 4  հիմնական արտադրական ռեսուրսների ազատ շրջանառություն կատարել։ Ե՛վ երկրներում, և՛ վերազգային մակարդակում օրենսդրության կարգավորման բավականին լուրջ խնդիրներ ունենք, որ անընդհատ իրականացնում ենք։

Օրինակ՝ վերացնել սահմանափակումները, որ հակասում են պայմանագրի դրույթներին, կամ ժամանակ առ ժամանակ երկրները դեռևս կիրառում են ներքին շուկան պաշտպանելու համար։ Կան սահմանափակումներ, որ գործել են երկար ժամանակ, քննարկում ենք դրանք վերացնելու հարցը։ Գոյություն ունեն նաև տեխնիկական խոչընդոտներ, որ եղած օրենսդրական ակտերը տեղում չեն գործում՝ և՛ մաքսային, և՛ սերտիֆիկացման ոլորտում։

Այդ բոլոր խնդիրները հավաքվում, այսպես ասած, սպիտակ գրքում հրապարակվում են, և ամեն մի խնդրի վերաբերյալ սահմանվում է ճանապարհային քարտեզ ու լուծումներ են տրվում։ Համընդհանուր աշխատանք է, որ ժամանակ է պահանջում։

Չի կարելի ասել, որ Մաքսային միության շուկան արդեն կայացած է։ Ոչ, մենք դեռ բավականին երկար աշխատանք ունենք անելու։ Եթե Եվրամիության փորձը նայենք, որ 50 տարվա պատմություն ունի, նրանք ևս այսպիսի խնդիրներ ունեն և անընդհատ զարգացնում են շուկան։ Այսինքն՝ միասնական շուկա ձևավորելու աշխատանքը բավականին բարդ է և կամք է պահանջում, բայց մենք տեսնում ենք, որ բոլոր երկրներն այդ կամքն ունեն և աշխատում են։

– ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը ո՞ր փուլում է, և Հայաստանի ու Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտին ե՞րբ կբացվի։ Կարեն Կարապետյանը հոկտեմբեր ամիսն էր նշել, այդ ժամկետը չի՞ փոխվել։

– Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ շրջանակներում լրացուցիչ արտոնություններ է ունենալու, գոտու ստեղծման աշխատանքներն ընթացքում են։ Մենք հույս ունենք, որ սահմանված ժամկետներում՝ հոկտեմբերին, բացումը կլինի։ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքները նույնպես բավականին լավ ընթանում են, հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք համաձայնության գալ։ Դեռ որշակի ապրանքների մասով քննարկումները շարունակվում են։ Այս հարցում Հայաստանն ամենաշահագրգռված անդամն է և Հայաստանն է համակարգում այդ աշխատանքները։

– Ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի դիրքերն աշխարհում, կարծես, բավականին թուլանում են։ Դա ինչպե՞ս է ազդում ԵԱՏՄ-ի վրա, ի՞նչ է սպասվում մեզ։

– Եթե տնտեսական տեսանկյունից դիտարկենք, ամերիկյան հիմնական պատժամիջոցները ֆինանսական միջոցների և տեխնոլոգիաների փոխանցումների սահմանափակումն են։ Իհարկե, Ռուսաստանի համար գոյություն ունեցող ֆինանսական ռեսուրսների մատչելիության սահմանափակումն ազդում է նաև այս տարածաշրջանի բոլոր երկրների, ոչ միայն Հայաստանի վրա, որովհետև այդ սահմանափակումն ազդում է նաև ռուսական ընկերությունների՝ ներդրումներ իրականացնելու հնարավորությունների վրա։

Այսինքն՝ նրանք ստիպված են լինում սահմանափակել իրենց ներդրումային նոր հնարավորությունները և հնարավորինս փորձել կենտրոնացնել իրենց միջոցները գոյություն ունեցող վարկերի, պարտավորությունների մարման ուղղությամբ։ Նրանց համար բավականին սահմանափակ ազատ միջոցներ են մնում, որպեսզի կարողանան ներդրումներ իրականացել ոչ միայն՝ Ռուսաստանում, այլև՝ ԵԱՏՄ մյուս երկրներում։

Այդ տեսանկյունից ազդեցությունը, իհարկե, երևում է՝ Ռուսաստանի Դաշնությունից ակնկալվող ներդրումների ակտիվությունը մեր երկրում բավականին սահմանափակ է։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը կամաց-կամաց արդեն սովորում է ապրել այդ սահմանափակումների մեջ։ Եվ, չնայած այդ իրավիճակին, Ռուսաստանից շարունակում են ներդրումներ իրականացվել Հայաստանի տնտեսությունում։ Մասնավորապես՝ այս տարվա առաջին կիսամյակում արդեն 200 մլն ուղղակի ներդրումներ ունենք։

Տեսանյութեր

Լրահոս