«Սա հերթական անհեթեթությունն է». Սոցիոլոգը՝ «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության մասին
«Հաշվի չի առնվում մեր ազգաբնակչության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության մասին՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ելքը» հայտարարությամբ հանդես եկավ, որի մեջ նշվում է, որ իրենց խմբակցությունը դիմել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի ԱԺ-ն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ հանդես գա:
«Սա հերթական անհեթեթությունն է: Ամեն չորրորդ ընտանիքի ներկայացուցիչ աշխատում է դրսում, հիմնականում՝ Ռուսաստանում, այնտեղից գումարներ է գալիս, որ այս ընտանիքներն այստեղ գոյատևում են, պահպանում են շուկան, գնում են խանութ, վարսավիրանոց, և այլն, և Ռուսաստանից կտրվելն անհեթեթություն է:
Այն կուսակցությունները, որ այս ընտրություններին արևմտամետ քաղաքականություն էին քարոզում, պարտվեցին, սա է խնդիրը: Եթե «Ելքը» բացահայտ հանդես գար արևմտամետ կարգախոսներով, նա երբեք չէր անցնի Ազգային ժողով, որովհետև Եվրոպան մեզ չի սպասում, մենք չգիտենք՝ այնտեղ ինչ անենք, չգիտենք՝ Եվրոպայում ինչ վաճառենք: Մենք դեռ Եվրոպայում անելիք չունենք»,- նշեց սոցիոլոգը: