Բաժիններ՝

Մեղադրյալները հաղորդումներ են տվել, որ պաշտոնյաները ծեծել են իրենց՝ պահանջելով խոստովանել գողությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

Այսպես, գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալներ Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդումներ են տվել, որ 11.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իրենց ապօրինի պահել են տևական ժամանակով: Բացի այդ, նույն օրը` ոստիկանության Սպիտակի բաժնում գտնվելու ընթացքում, ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրենց` պահանջելով խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը: Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն հայտնել են, որ վախի ազդեցության տակ գտնվելով` համաձայնվել և խոստովանական ցուցմունքներ են տվել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Երևանի բնակիչ Տ. Ք.-ն հայտնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի մասին: Այսպես, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով 14.08.2017թ.-ին Տ. Ք.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ազատ արձակվելուց հետո բուժօգնության է դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնտեղ նրա մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ` սալջարդերի և արյունազեղումների տեսքով: Տ. Ք.-ն բժշկական կենտրոնում հայտարարել է, որ նշված մարմնական վնասվածքներն ստացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ծեծի ենթարկվելու հետևանքով:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս