Եվրոպական միությունը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Թուրան» գործակալության տնօրենի ձերբակալության կապակցությամբ
Հանդես գալով ԵԱՀԿ հերթական նտաշրջանի ժամանակ՝ Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանցի լրագրող, «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության գործին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ԵԱՀԿ նիստում անդրադառնալով այս ձերբակալությանը՝ Եվրամիությունը խոր մտահոգություն է հայտնել և քննադատել Ադրբեջանի իշխանությունների արարքը:
Հայտարարության մեջ ԵՄ-ն նշել է, որ միանում է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարություններին` Ադրբեջանին կոչ անելով կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը պաշտպանում է խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքը:
«Մենք Ադրբեջանի կառավարությունից խստորեն պահանջում ենք հետեւել օրենքի գերակայության վերաբերյալ իր ստանձնած պարտավորություններին եւ ապահովել Մեհման Ալիեւի արդար դատաքննության իրավունքը: Այս պարտավորությունների հանդեպ հարգանքը ժողովրդավարական հասարակության հիմքն է»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ:
ԵՄ ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում արած հայտարարությամբ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է նաև ազատ արձակել Մեհման Ալիևին:
«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում սերտ համագործակցել միջազգային կառույցների հետ, որոնք պահանջում են անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին եւ երաշխավորել, որ Մեհման Ալիեւի հիմնարար ազատությունները ապագայում չեն խախտվի»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Եվրամիությունը մայիսին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների կողմից լրագրողներին և իրավապաշտպաններին քաղաքական շարժառիթներով ձերբակալելու պրակտիկայի վերաբերյալ:
ԵՄ հայտարարությունը հրապարակվել էր այն բանից հետո, երբ 2017-ի մայիսի 12-ին Ադրբեջանում արգելափակվել էին մի շարք ինտերնետային ԶԼՄ-ների և հեռուստաալիքների կայքեր:
2015-ի ապրիլից ի վեր Եվրախորհրդի լրագրողների անվտանգության օժանդակման հարթակը գրանցել է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու 29 դեպք:
Լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:
Ադրբեջանի հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:
Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:
Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում: