Բաժիններ՝

Մեքսիկայում երկրաշարժի պատճառով գրեթե 2 մլն մարդ մնացել է առանց լույսի

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ ուժգին երկրաշարժի հետեւանքով երկրում առանց լույսի է մնացել առնվազն 1,85 մլն սպառող:

«CFE-ն (ազգային էներգահամակարգը) հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով առանց լույսի է մնացել 1,85 մլն մարդ»,-գրել է նախագահը Twitter-ի իր էջում: Նա հավելել է, որ էլեկտրամատակարարումն արդեն վերականգնված է 1,38 մլն մարդու համար:

Մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները, նախագահը հայտարարել է, որ երկրաշարժից տուժած գոտիներում գործի են դրվել բանակի, ռազմածովային ուժերի եւ ոստիկանության ուժերը: Պենյա Նիետոն նշել է, որ կենտրոնական կառավարությունը նահանգների իշխանությունների հետ համակարգում է գործողությունները տարածաշրջաններում վնասները գնահատելու համար:

Ավելի քան 8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր:

Երկրաշարժին հաջորդել է 5,7 մագնիտուդով հետցնցում:

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել Է մեկ մետրի: Երկրաշարժի հետեւանքով Մեքսիկայում զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս