«Այսօր մեր երեխաները հենց այդ պատճառով են զոհվում սահմանին». Զարուհի Փոստանջյան

«Մենք կողմնակից չենք ինչ-որ կոսմետիկ փոփոխությունների։ Եթե դու մի քանի փողոցներ անվանափոխելու նախաձեռնությամբ ես հանդես գալիս, ապա նախ՝ ինչով ես փոխում, դա շատ կարևոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով «Ելք» դաշինքի՝ փողոցների անվանափոխության նախաձեռնության մասին, նման կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ միանշանակ կողմ է՝ մենք չպետք է ունենանք Լենինգրադյան փողոց, բայց միևնույն ժամանակ նշեց, որ այն չպետք է անվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով.

«Լենինը մեր ազգի համար չարիք է եղել, և այսօր էլ այդ չարիքի հետևանքները մենք զգում ենք մեր առօրյա կյանքում։ Այսօր էլ գործում է քեմալաբոլշևիկյան սահմանը, այսօր մենք ունենք արցախյան խնդիր, Նախիջևանի խնդիր, և դրանք բոլորն այդ բոլշևիկյան գործարքների հետևանք են։ Այսօր մեր երեխաները զոհվում են սահմանին հենց այդ պատճառով, որովհետև տեղի է ունեցել ապօրինի գործարք։ Այս առումով, միանշանակ դա պետք է փոխվի։ Բայս մյուս կողմից, եթե դա մենք փոխում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ, ապա ես չեմ կարծում, որ նրա անվան փողոցը պետք է լինի ծայրամասում։ Մենք պետք է ունենանք կենտրոնական փողոց նրա անվամբ»։

Փոստանջյանի կարծիքով՝ ոչ թե կոսմետիկ, այլ արմատական փոփոխություններ են հարկավոր. «Իսկ արմատական փոփոխության համար, առաջին հերթին, պետք է հիմնահատակ քանդենք ԱԱԾ-ՆԿՎԴ-ԿԳԲ-չեկիզմը։ Այդ քանդումը պետք է տեղի ունենա նաև գաղտնազերծմամբ, այլ ոչ թե ուղղակի մի բոլշևիկի անվան փոփոխմամբ։ Մենք կողմ ենք համակարգային փոփոխությունների»։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ «Երկիր Ծիրանին» ևս ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություններ, բայց համոզված է, որ դրանք չեն ընդունվի. «10 տարի լինելով ԱԺ պատգամավոր՝ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով եմ հանդես եկել, բայց այդ բոլշևիկյան մեթոդի հետևանքով, որը նաև ավագանիում է, միևնույն է, այդ օրենսդրական նախաձեռնությունները հավանության չեն արժանանում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս