Բաժիններ՝

Գյումրիում 4-րդ անգամ կանցկացվի ԲարՔեմփ (չ)Կոնֆերանսը

Գյումրիում մեկնարկում է 4-րդ ԲարՔեմփը՝ Համացանցի, Նոր մեդիաների, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հերթական ոչ ֆորմալ Կոնֆերանսը: (չ)Կոնֆերանսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին և 8-ին:

(չ)Կոնֆերանսն իրականացնում է «BarCamp Gyumri» նախաձեռնող խումբը։ Գլխավոր գործընկերներն են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Սովորաբար Barcamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները: Այն մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է: Միջոցառման փիլիսոփայությունն այն է, որ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք զեկուցումներն անում և քննարկում դրանք:

«ԲարՔեմփ Երևանն» առաջին անգամ անցկացվել է 2009 թվականի ապրիլի 17-19-ին։ Նոր տիպի «չկոնֆերանսը» գրավեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին, և յուրաքանչյուր հաջորդ «ԲարՔեմփ Երևանին» ավելի ու ավելի շատ մարդ մասնակցեց: Եթե 2009-ին մասնակիցները 400-ն էին, ապա 2015-ին այս թիվն անցավ 2200-ից: Այս տարիներին ծրագրին իրենց աջակցությունն են բերել ՀՀ վարչապետն ու հայաստանյան բազմաթիվ հեղինակավոր և ճանաչված ընկերություններ ու կազմակերպություններ:

2010-ի օգոստոսի 10-12-ին Ստեփանակերտում և Շուշիում անցկացվեց նաև առաջին «ԲարՔեմփ Արցախը», որին ներկայացել էր շուրջ 100 մասնակից: 2011-ի սեպտեմբերի 2-5-ին Շուշիում տեղի ունեցավ երկրորդը (130 հոգու մասնակցությամբ): 2013-ի հուլիսի 24-28-ին՝ կրկին Շուշիում՝ երրորդը (շուրջ  70 հոգու մասնակցությամբ): Իսկ չորրորդը՝ 2014-ի հուլիսի 24-28-ին՝ Ծմակահողում (շուրջ  70 հոգու մասնակցությամբ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս