
Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը

ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ի ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերության նպատակն է զբաղվել բամբակի, բամբակյա պարագաների և խոնավ անձեռոցիկների արտադրությամբ:
«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 720 մլն դրամի ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին լինելու է փուլերով: Այժմ ընկերությունը առաջին փուլով նախատեսում է ներմուծել սարքավորումներ շուրջ 170 մլն դրամի չափով»,- ասաց նա:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ, միջին աշխատավարձն այստեղ կկազմի. 2018 թթ. 120 հազ. դրամ, 2019 թթ. 140 հազար դրամ և 2020 թթ. 160 հազար դրամ: