Nissan-ը ներկայացրել է նոր սերնդի Leaf էլեկտրակարը
Nissan ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Leaf էլեկտրակարը: Մոդելը դարձել է ավելի հզոր եւ ավելի արագընթաց, ավելացել է առանց լրալիցքավորման դրա ընթացքի պաշարը, իսկ այժմ ավտոմոբիլը կարելի կլինի կառավարել սոսկ մեկ՝ աքսելերատորի ոտնակի միջոցով: Արգելակման սովորական ոտնակը, ինչպես հավատացնում է արտադրողը, այժմ պետք կգա սոսկ արտակարգ իրավիճակների համար։
Leaf-ը կստանա ավելի ուժեղ էլեկտրաշարժիչ՝ 150 ձիաուժ հզորությամբ: Այն սնուցվում է 40 կիլովատ-ժամ ծավալով լիթիումա-իոնային մարտկոցների լրակազմից: Առավելագույն արագությունը սահմանափակված է ժամում 144 կիլոմետր: Մոդելի ընթացքի պաշարը 250-ից ավելացվել է մինչեւ 378 կիլոմետր:
Նոր էլեկտրակարի առանձնահատկություններից մեկը e-Pedal համակարգն է: Գազի էլեկտրոնային ոտնակով կարելի է կառավարել ավտոմեքենան՝ գործի չդնելով սովորական արգելակը եւ պարզապես կանոնավորելով դրա վրա սեղմելու ուժը: Երբ վարորդը լիովին բաց է թողնում աքսելերատորը, ավտոմատ կերպով միանում են վերականգնման համակարգը եւ մեխանիկական արգելակները, եւ ավտոմոբիլը կանգ է առնում: Ավտոմեքենան կարող է տեղում կանգնած մնալ նույնիսկ կտրուկ վերելքներին՝ առանց արգելակի վրա սեղմելու: