Փարիզի դատարանը կքննի Ադրբեջանը «բռնապետություն» անվանած ֆրանսիացի լրագրողների դեմ հարուցված քրգործը. «Ազատություն»
Փարիզի արվարձանային Նանտեր շրջանում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքը, լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ այն բանի համար, որ երկու տարի առաջ այդ երկիրը, երբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել էր Ադրբեջան, կոչել են «բռնապետություն»:
Լրատվամիջոցներն այս դատական գործը որակել են որպես Բաքվի կողմից « իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:
France 2 հեռուստաալիքով 2015 թվականի սեպտեմբերին լրագրող Լյուզեն , խոսելով Օլանդի այցի մասին, Ադրբեջանը որակել էր որպես «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»: Մյուս լրագրողը՝ Ռիչարդը, France Info ռադիոյին տված հարցազրույցում ևս Ադրբեջանը «բռնապետություն» էր անվանել:
«Ազատ խոսքի իրավունքից օգտված ֆրանսիացի լրագրողների դեմ դատական գործ հարուցելով Ադրբեջանի կառավարությունը ցուցադրում է քննադատության հանդեպ հանդուրժողականության իսպառ բացակայությունը: Մենք չպետք է թույլ տանք Բաքվին գրաքննությունն արտահանել Ֆրանսիա»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը:
Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը: