Մերկելն առաջարկել է քննարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցումը
Եվրոպային անհրաժեշտ է հաջորդ գագաթնաժողովում քննարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցումը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
«Ես ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովում կառաջարկեմ քննարկել Թուրքիայի հետ ապագա հարաբերությունները, այդ թվում՝ այն հարցը, որ հետաձգվեն կամ դադարեցվեն հանրակցությանը նրա անդամակցության բանակցությունները»,-ասել է Մերկելը:
ԳՖՀ-ի կանցլերն ընդգծել է, որ ԵՄ-ի անդամ երկրները պետք է համախմբվածություն դրսեւորեն այդ հարցում: «Տարօրինակ կլիներ, եթե մենք Եվրամիությունում գժտվեինք նախագահ Թայիփ Էրդողանի աչքի առաջ»,-ասել է Մերկելը: Նա նշել է, որ «Թուրքիայում իրադարձությունների զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում»: Նրա խոսքով՝ երկիրն «ավելի արագ ու ավելի շատ էհեռանում իրավական պետության նորմերի ուղուց»:
Նախօրյակին Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարների հերթական նիստը պլանավորված է հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: