«Եթե ասում եք, որ պաշտոնական համաձայնություն չեք տվել, բա Հայաստանի դրոշն այդ լոգոյի վրա ի՞նչ գործ ուներ». Արամ Գ. Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու անսպասելի որոշմամբ՝ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ խաղում են Հայաստանի հեղինակության հետ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նկատեց՝ շատ հնարավոր է, որ այս ամենի հետևում թելադրանք լինի. «Զարմանալի կլիներ, եթե քո դաշնակից պետությունն այդ ամենի վերաբերյալ իր տեսակետը չհայտներ, այլ հարց է, թե դու հաշվի կնստե՞ս դրա հետ, թե՞ ոչ։ Եթե հաշվի ես նստելու, ապա անեիր դա ժամանակին, որ նման տխմար իրավիճակ չլիներ, որովհետև, եթե որոշել եք՝ գնացեք, դա ձեր սուվերեն իրավունքն է։ Եթե ունեք պարտավորություններ ձեր գործընկերների նկատմամբ, ուրեմն մի արեք այն քայլը, որը չի ընդունվելու։ Եթե միացել եք մի բլոկի, էլ խաղեր մի տվեք, սա է հարցը»։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի այս որոշման հետևանքն այն կլինի, որ նորից կասեն՝ Հայաստանը չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, սպասում է, տեսնի՝ ով ինչ կասի, որ այդպես անի. «Եթե ասում եք, որ պաշտոնական համաձայնություն չեք տվել, բա ձեր դրոշն այդ լոգոյի վրա ի՞նչ գործ ուներ, հո այդ մարդիկ հենց այնպես չե՞ն վերցրել ու Հայաստանի դրոշը դրել այնտեղ։ Այլ հարց է, որ մեկ ամիս առաջ Հայաստանն ասեր՝ ես այդ միջոցառմանը չեմ ուզում մասնակցել. կհասկանայինք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում