«Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը». Լևոն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է Հայաստանի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը:
Ըստ Լևոն Ջուլֆալակյանի՝ մեր ըմբիշների ելույթները ստացված են: Մարզիչը մեդալներն ու հաղթանակները համարում է գերազանց արդյունք:
Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ Արթուր Ալեքսանյանի վրա Եվրոպայի առաջնությունից հետո կար հսկայական ճնշում, սակայն Արթուրը կարողացավ ապացուցել, որ լավագույնն է իր քաշային կարգում:
Խոսելով Մաքսիմ Մանուկյանի մասին՝ Լևոն Ջուլֆալակյանը նշում է, որ Մաքսիմ Մանուկյանը բոլոր մենամարտերն անցկացրեց մեկ շնչով:
«Բոլորը հիացած էին: Մաքսիմի հնարքներից հետո Ըմբշամարտի համաշխարհային միությունը գուցե հրաժարվի փոխել ներկայիս կանոնները: Բայց նման տաղանդներ քիչ են լինում: Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը»:
Լևոն Ջուլֆալակյանը խոսել է նաև մեր մյուս մարզիկների մասին: Հավաքականի մարզչի խոսքով՝ 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը շատ հեռանկարային մարզիկ է, սակայն պետք է շատ աշխատի:
66 կգ Կարեն Ասլանյանի գոտեմարտերից Լևոն Ջուլֆալակյանը գոհ է: Կարեն Ասլանյանը 5-րդն էր աշխարհի առաջնությունում:
«Վարշամ Բորանյանից դժգոհ եմ, քանի որ նրանից մեդալ էի սպասում: Նա կարող էր, պատրաստ էր: Արթուր Շահինյանը լավ հանդես եկավ առաջին գոտեմարտում: Վազգեն Խաչատրյանը դեռ շատ երիտասարդ է և աճելու տեղ դեռ շատ ունի»,- նշել է Լևոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ:
Սիրարփի Աղաբաբյան