Բաժիններ՝

Ուժեղացած «Իրմա» փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծովի կղզիներ

Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը հզորության չորրորդ մակարդակի է հասել ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը: Նրա տեղեկատվության համաձայն, «Իրմա»-ն շարժվում է դեպի Կարիբյան ծովի կղզիներ, քամու պոռթկումների արագությունը հասնում է ժամում 215 կիլոմետրի:

Փոթորիկին նախապատրաստվում են Պուերտո Ռիկոյում, Կուբայում եւ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում: Մասնավորապես, նախօրյակին Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգի տարածքում: «Ֆլորիդայում մենք միշտ պատրաստվում ենք վատթարագույնին եւ ակնկալում, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի եւ, քանի որ ներկայում հայտնի չէ «Իրմա»-ի շարժման ստույգ ուղղությունը, մենք չենք կարող չնախապատրաստվել դրան»,- ասված է Սքոթի հայտարարության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նաեւ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն, չեղյալ են հայտարարված պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում:

Պուերտո Ռիկոյի վարչակազմը պատրաստել է 456 ապաստարան, որոնք կարող են տեղավորել ավելի քան 62 հազար մարդու, ինչպես նաեւ գնել է ավելի քան 65 մլն դոլար գումարի պարենամթերք, որպեսզի դա բաժանի այն բնակիչներին, ովքեր կարող են տուժել տարերքի հարվածից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս