Դատական շոուն ավարտվեց. Դատախազությունը պարտվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրակեղծարարների դեմ հարուցված քրեական գործերով շոուները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը:
Մասնավորապես դատախազների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մտերիմը՝ Աշոտ Կազվանցյանը, որ ԱԺ ընտրությունների օրը կրկնակի քվեարկության փորձ էր արել, եւ նրա նկատմամբ կիրառված 2 տարով ազատազրկումը պայմանականորեն չէր կիրառվել: Սակայն մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարը պատժվի եւ կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի:
Այսպիսի խիստ վերաբերմունքի է արժանացել նաեւ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Ռուդիկ Մինասյանը միջնորդել է՝ դարձյալ կրկնակի քվեարկության փորձ արած ընտրակեղծարարի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացվի, եւ նա 2 տարի մնա կալանքի տակ: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազ Ռուդիկ Մինասյանորոշումը: Ասել է, թե ընտրակեղծարարը կմնա ազատության մեջ:
Այսպիսով՝ ամփոփելով իրավիճակը՝ կարող ենք եզրակացնել, որ դատախազությունը ցանկանում էր ցույց տալ, թե ամեն ինչ անում է՝ մեղավորներին խիստ պատիժ տալու եւ արդարադատությունը վերականգնելու համար, սակայն պարտվեց, եւ այդ շոուն տապալվեց:
Ընտրակեղծարարները եղել եւ մնում են գործող իշխանության հենասյուները, եւ նրանց նեղացնելու ցանկացած փորձ, բնականաբար, կավարտվի ձախողմամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: