
Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:
«Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողﬔրին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ իրավիճակը հետազոտելով տեղում»,- ասել է Զախարովան:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում կազմակերպելու մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նման տեղեկություններ չունի: «Երկխոսություն է պահպանվում բոլոր կողﬔրի հետ և երբ նման հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն լինի, դուք կտեղեկացվեք»,- ասել է նա:
Հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը նախաձեռնել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղին վերադարձնելը, Զախարովան պատասխանել է. «Այս հարցում ﬔր ավանդական դիրքորոշումը հայտնի է: Ես կարող եմ հասցեագրել ավելի վաղ ﬔկնաբանություններին»: