Բաժիններ՝

Հերթական գերակա շահը. Նորաթուխ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ»-ը կփոխարինի սնանկացած «Լիդեր Մոբիլին»

Երևանում գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատողների փոփոխությունն արդեն ավանդական է դարձել։ Կառավարությունը տարիներ շարունակ հաստատում է որոշ տարածքների նկատմամբ «գերակա շահ» կոչվածը, Երևանի քաղաքապետարանը այն հանձնում է նոր կառուցապատողի, որոշ ժամանակ անց այդ ընկերությունը սնանկանում է, և շրջապտույտը կրկնվում է։

Այժմ հերթը Երևանի Կենտրոն վարչական շրջանում Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքինն է։ Դրա նկատմամբ ՀՀ կառավարությունը 25.01.2007թ. 108-Ն ճանաչել էր բացառիկ՝ գերակա հանրային շահ, իսկ կառուցապատող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերությունը: Ընկերության կողմից իրականացվել էին մասնակի իրացման աշխատանքներ, սակայն քաղաքաշինական ծրագրի իրականացումը նշված ընկերության կողմից ձախողվեց, և «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԿԴ/0064/04/13 վճռով ճանաչվել է սնանկ:

Այս տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 4875.5 քմ է, որը ծանրաբեռնված է երրորդ անձանց պատկանող անշարժ գույքերով:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան 26 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կազմում է 1278.07 քմ, որից 1006.98 քմ մակերեսը հանդիսանում է պետական և երեք մասնավոր անձանց ընդհանուր բաժնային սեփականություն, իսկ 271.09 քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականությունն է:

Այժմ կառավարությունը պատրաստվում է «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով կառուցապատման իրավունքը տալ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊ ընկերությանը: Այն պետք է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենք կառուցի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժի և նոր շենք կառուցի, ինչպես նաև բարեկարգի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքը:

Այս ծրագիրը քննարկվելու է վաղը կառավարության նիստում։

Նախագծի ընդունման արդյունքում Երևան համայնքը ստանալու է 16 մլն 265 հազար 400 դրամ եկամուտ։

Ուշագրավ է, որ քաղաքապետարանն այս ծրագրի իրականացումը վստահում է ընդամենը 1 տարեկան ընկերության։ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ»-ը գրանցվել է 2016 թ. հուլիսի 27-ին։ Պետռեգիստրում որպես դրա հիմնադիր՝ գրանցված է ՀՀ քաղաքացի Մամիկոն Գինոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս