«Հստակ հրահանգ կա, որ այս գործերով պետք է փաստաբանների իրավունքները մաքսիմալ սահմանափակել». Մուշեղ Շուշանյան
«Սասնա ծռերի» անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով փաստաբանների գործադուլ հայտարարելու դրդապատճառների մասին՝ ասաց, որ խնդիրներն առաջացել են դեռ նախաքննության փուլից, երբ փորձ էր կատարվում սահմանափակել փաստաբանների տեսակցություններն իրենց պաշտպանյալների հետ։
«Մասնավորապես, այս տարվա փետրվար ամսին «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի անգամ ինձ արգելվեց տեսակցություն ունենալ իմ պաշտպանյալների հետ։ Այս խնդիրները բացառապես կապված են «Սասնա ծռերի» և Ժիրայր Սէֆիլյանի գործով մեր պաշտպանյալների պաշտպանությունն իրականացնելու հետ։ Որևէ այլ գործով երբևէ նման խնդրի փաստաբանները չեն բախվել»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ տարբեր տարիներին մասնակցել է տարբեր քաղաքական դատավարությունների, մասնավորապես՝ 2008թ. մարտի 1-ի գործով դատավարություններին, և երբևէ նման խնդիրներ չեն առաջացել, որ փորձեն դատարան մուտք գործելիս փաստաբանին խուզարկության ենթարկել, ՔԿՀ-ում խուզարկության փորձ անել.
«Այսինքն՝ սա կապված է բացառապես այդ գործերի հետ։ Որևէ այլ գործով, երբ փաստաբանը մտնում է ՔԿՀ, իմ աչքի առաջ է դա տեղի ունենում, նույնիսկ չեն ստուգում, իրենք անխոչընդոտ մուտք են գործում։ Այսինքն՝ հստակ հրահանգ կա, որ այս գործերով պետք է փաստաբանների իրավունքները մաքսիմալ սահմանափակել»։
Գործադուլի նախաձեռնության մեջ ամենակարևորը Շուշանյանը համարում է փաստաբանական համայնքի որոշակի մասի համերաշխության արտահայտությունը. «Այսինքն՝ 150-ից ավելի փաստաբան այս պահի դրությամբ գործադուլ է հայտարարել, բարձրաձայնում է փաստաբանների իրավունքների աննախադեպ և զանգվածային խախտումների մասին։ Հիմա, բնականաբար, որևէ մեկը չի կարող երաշխիքներ ունենալ, որ պետական մարմինների վրա այս գործադուլն ազդեցություն կունենա, նրանք կվերանայեն իրենց մոտեցումները։ Բայց միայն շեշտելու համար, որ փաստաբանական համայնքի ակտիվ և ոչ անտարբեր մասը համերաշխ է, խնդիր է տեսնում ու դրա մասին բարձրաձայնում է, ինքնին կարևոր մեսիջ է»։
Փաստաբանը հավելեց, որ այս տարվա փետրվար ամսին Արմավիր ՔԿՀ իր մուտքը խոչընդոտելու փաստով, փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում է ներկայացրել, գործի հարուցումը մերժվել է, այն բողոքարկվել է Դատախազություն, Դատախազությունում նույնպես գործը մերժվել է, հիմա բողոքի քննությունը գտնվում է 1-ին ատյանի դատարանում։