Դիալիզը վճարովի՞ է դառնում. Պարզաբանում է Առողջապահության նախարարությունը

Առողջապահության նախարարությունից հերքում են լուրերն այն մասին, թե սեպտեմբերի 1-ից նախարարությունը գումար չի փոխանցելու դիալիզի համար։

168.am-ի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ նման բան չկա, շարունակվելու է պետպատվերով սպասարկումը. «Ավելին, անցած հինգշաբթի օրը կառավարությունն ընդունեց որոշում, որով մեր նախարարության կողմից տնտեսված միջոցները մենք ուղղեցինք փոքրիկ դիֆիցիտը լրացնելու համար։ Այսօրվա վիճակով մինչև 2017թ. ավարտը բոլոր հիվանդները, որոնք ունեն դիալիզի կարիք, պետպատվերի շրջանակում ծառայությունը կստանան»։

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր անում միանալ վաղը ժամը 11։00-ին ԱՆ-ի դիմաց կազմակերպվելիք բողոքի ակցիային։

«Մոտ երկու հարյուր հիվանդ կանգնած է մահվան շեմին, քանի որ Առողջապահության նախարարությունը դադարեցնում է պետպատվերը դիալիզի համար:

Մինչև այժմ Առողջապահության նախարարությունը գումար էր փոխանցում հիվանդանոցներին (ահազանգը եկել է «Աստղիկ» բժշկական հիվանդանոցի հիվանդից)՝ 18100 դրամ ամեն մի դիալիզի համար: Նախարարությունը նախազգուշացրել է հիվանդանոցներին, որ գումար չի փոխանցելու սեպտեմբերի 1-ից, և հիվանդներն իրենք պետք է վճարեն: Դիալիզ ստացողները հիմնականում ստանում են այն ամեն օր՝ ցմահ: Բոլորը երկրորդ կարգի հաշմանդամ են, այսինքն՝ անգործունակ են: Թոշակը կազմում է ամսական մոտ քսան հազար դրամ: Օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին հիվանդները հավաքվելու են Առողջապահության նախարարության դիմաց՝ բողոքի ակցիայի»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս