Բաժիններ՝

«Անդրանիկ Կարապետյանի համար ես ուրախությունից թաքուն արտասվում էի». Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի մեր մեդալակիր եռյակը վերադարձավ 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերից: Թայփեյում Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը, ծանր վնասվածքից հետո մասնակցելով պաշտոնական մրցմանը, արծաթե մեդալ նվաճեց:

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ամփոփեց իր սաների մասնակցությունը.

«Շնորհավորում եմ բոլորիս, մեր ժողովրդին, որ նրանց զավակները դարձան Համաշխարհային ուսանողական խաղերի նման խոշոր մրցման չեմպիոններ և արծաթե մեդալակիր: Ես մեկնելուց առաջ ասել էի, որ դատարկաձեռն չենք վերադառնա Թայվանից: Խոստումը կատարեցինք: Ասել էի նաև, որ Ունիվերսիադան Անդրանիկ Կարապետյանի համար յուրատեսակ փորձամրցում է լինելու ծանր վնասվածքից հետո և աշխարհի առաջնությունից առաջ: Անդրանիկը փառքով դուրս եկավ փորձությունից: Կեցցե նա: Նրա մասնակցությունից հետո ես ուրախությունից թաքուն արտասվում էի:

Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը բարձրացրին այնքան, որքան անհրաժեշտ էր հաղթելու համար: Մենք այդպես էինք պլանավորել, քանի որ առջևում Եվրոպայի երիտասարդական և Աշխարհի մեծահասակների առաջնություններն են: Այս ամենն, իհարկե, հնարավոր եղավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, որը ծանրամարտի բոլոր հոգսերն ամբողջովին վերցրել է իր ուսերին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս