Դա վրեժ չէ. ԱՄՆ դեսպանը` ռուսներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին

tert.am-ը գրում է. Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ամերիկյան ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը վրեժ չէ: Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է YouTube-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում, գրում է iz.ru-ն:

«Ես ցավում եմ, որ որոշները տեղի ունեցածը փորձում են ներկայացնել որպես մեր անձնակազմը կրճատելու պահանջի համար պատժելու փորձ: Դա այդպես չէ: Դա վրեժ չէ»,- ասել է դեսպանը:

Տեֆտը նշել է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվն այնքան է կրճատվել, որ այժմ ԱՄՆ-ն ստիպված է վերաբաշխել կադրային ռեսուրսները, այդ թվում նաև վիզաների տրամադրման համար անհրաժեշտ ռեսուրսները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում:

Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:

Այդ քայլը բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ: Սահմանափակումները կգործեն՝ մինչև չմեծացվի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը:

Տեսանյութեր

Լրահոս