10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասանուհի Անի Ղազարյանը
2017թ. ամառը՝ իր չափազանց շոգ օրերով հանդերձ, շուտով կանցնի պատմության գիրկը: Իսկ արձակուրդային տրամադրությունն էլ ավելի հիշարժան դարձնելու և աշխատանքային թարմ ուժերով լիցքավորվելու լավագույն միջոցներից մեկը ֆիլմերի դիտումն է: 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացին միացած ամռան վերջին մասնակիցը դերասանուհի Անի Ղազարյանն է, ում տասնյակը կօգնի արժանապատվորեն հրաժեշտ տալ ամռանը և լցվել աշնան սպասումով:
«Լեոն» (Léon)
Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի կուլտային ֆիլմը, որը լույս է տեսել 1994 թվականին, պատմում է Լեոնի (Ժան Ռենո) մասին: Պրոֆեսիոնալ վարձու մարդասպանը, ով չգիտի, թե ինչ է խղճահարությունը և գթությունը, ծանոթանում է իր հմայիչ հարևանուհու՝ Մաթիլդայի հետ, որի ընտանիքին սպանել են թմրանյութերի առևտրով զբաղվող ոստիկանները։ Այս ծանոթության շնորհիվ Լեոնն առաջին անգամ հասկանում է, թե ինչ է սերը, բայց…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սկիզբ» (Inception)
Անգլոամերիկացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա:
Դոմինիկ Կոբը (Դի Կապրիո) հմուտ գող է, լավագույններից լավագույնն այդ վտանգավոր արվեստում. նա քնի ժամանակ ենթագիտակցության խորքերից արժեքավոր գաղտնիքներ է գողանում: Կոբբի հազվագույն ունակությունները նրան դարձրել են արժեքավոր խաղացող լրտեսության աշխարհում, բայց այդ աշխարհն էլ իր հերթին՝ նրան դարձրել է հավերժական փախստական և զրկել է այն ամենից, ինչն ինքն ամենից շատն էր սիրում:
Եվ ահա Կոբբը սխալներն ուղղելու հնարավորություն է ստանում: Նրա վերջին աշխատանքը կարող է ամեն ինչ վերադարձնել, բայց դրա համար պետք է անհնարինն անել: Իդեալական գողության փոխարեն՝ Կոբը և պրոֆեսիոնալներից բաղկացած նրա թիմը պետք է հակառակ գործողությունների դիմեն: Այժմ նրանց խնդիրը ոչ թե գաղափարի գողությունն է, այլ դրա ներդրումը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ես Սեմն եմ» (I Am Sam)
Կանադացի ռեժիսոր Ջեսսի Նիլսոնի դրաման պատմում է 7-րդ դասարանի երեխայի ինտելեկտ ունեցող, 40-ամյա մատուցող Սեմ Դոուսոնի (Շոն Փեն) մասին: Նրան դժվար կլիներ այսպիսի պայմաններում ապրել, եթե չլիներ պատահական կապից ծնված դուստրը: Լյուսին (Դակոտա Ֆանինգ) առողջական ոչ մի խնդիր չունի և կարող է հոգ տանել հոր մասին, բայց տեղական սոցիալական ծառայությունը բաժանում է նրան հորից: Սեմը ցանկանում է վերադարձնել աղջկան: Այդ գործը վարելու համար նա վարձում է փաստաբան Ռիտա Հարրիսոնին (Միշել Պֆայֆեր): Այդ աշխատանքընօգտակար է լինում նաև Ռիտայի համար, և նա սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ լինել լավ ծնող:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Իմ թագավոր» (Mon roi)
Ռեժիսոր Մեյվեն Լե Բեսկոյի 2015 թվականի ֆիլմը պատմում է Տոնիի (Էմանուել Բերկո) և Ջորջիոյի (Վենսան Կասել) մասին: Նրանք հանդիպում են երեկույթի ժամանակ, և թեթև հետաքրքրվածությունը վերածվում է մեծ կրքի: 10 տարվա ամեն ինչ կլանող սեր, անխոհեմ երջանկություն և կուրացնող խանդ: Միայնակ մնալով՝ Տոնին իր մտքերում վերադառնում է Ջորջիոյի հետ հարաբերություններին: Ո՞վ էր այդ մարդը: Ո՞ւմ է ինքը վերածվել նրա կողքին: Տոնիին երկարատև աշխատանք է սպասվում, որը կբուժի նրա հոգին և կմեղմացնի սիրտը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Նկարազարդ շղարշը» (The Painted Veil)
Բրիտանացի գրող Սոմերսեթ Մոեմի համանուն ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Ջին Քերանի նկարահանած ֆիլմը քսաներորդ դարի 20-ական թվականների մասին է: Երիտասարդ բժշիկ Ուոլթեր Ֆեյնը (Էդվարթ Նորթոն) և նրա ոչ հավարարիմ կինը՝ Կիտին (Նաոմի Ուոթս), տեղափոխվում են Չինաստանի հեռավոր գյուղերից մեկը՝ խոլերայի համաճարակի բռնկումից փրկվելու համար: Այնտեղ, տեսնելով ամուսնու նվիրվածությունն աշխատանքին, Կիտին սկսում է նրան այլ լույսի ներքո տեսնել և սիրահարվում է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սա միայն աշխարհի վերջն է» (Juste la fin du monde)
Կանադացի դերասան, կինոռեժիսոր Քսավյե Դոլանի ֆիլմը պատմում է հաջողակ գրող Լուիի (Գասպար Ուլիել) մասին, ով 12 տարվա բաժանումից հետո վերադառնում է տուն, որպեսզի ընտանիքի անդամներին հաղորդի իր հիվանդության մասին լուրը: Սակայն այդ ծրագիրն իրականացնելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ էքսցենտրիկ հարազատներն ունեն իրենց սեփական պլանները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Երևակայական սեր» (Les amours imaginaires)
Կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի երկրորդ ֆիլմը պատմում է մտերիմ ընկերներ Ֆրանսիսի (Քսավյե Դոլան) և Մարիի (Մոնիա Չոկրի) մասին: Մի օր նրանք ծանոթանում են Նիկոլյայի (Նիլս Շնայդեր) հետ, սիրահարվում են նրան և սկսում են երևակայել։ Երեք մտերիմ ընկերները դառնում են սիրային եռանկյունու մասնակից։ Վտանգավոր սիրային մրցակցությունը սպառնում է այն ընկերությանը, որն անխախտելի էր թվում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ապոկալիպտո» (Apocalypto)
Ավստրալոամերիկյան դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնի ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 16-րդ դարում, Յուկատանում, մայա հնդկացիների քաղաքակրթության անկման շրջանում։
Մի օր տապալվում է Հովազի թաթ (Ռուդի Յանգբլադ) անունով հնդկացու աշխարհը: Նրա գյուղը հարձակման է ենթարկվում հարևան ցեղի կողմից. ավերվում են բնակավայրերը, բնակիչները գերի են ընկնում: Նրանց տանում են քաղաք՝ աստվածներին զոհաբերելու համար: Հովազի թաթին հաջողվում է խուսափել զոհաբերությունից, և այժմ նա պետք է հաղթահարի իր բոլոր վախերը, որպեսզի փրկի այն, ինչն ամենից թանկ է իր համար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Թրամբո» (Trumbo)
Ռեժիսոր Ջեյ Ռոուչի կենսագրական ֆիլմը պատմում է հոլիվուդյան ամենահաջողակ սցենարիստներից մեկի՝ Դալթոն Թրամբոյի (Բրայան Քրենսթոն) կյանքի մասին: «Հռոմեական արձակուրդների» և «Սպարտակի» սցենարիստը նույնիսկ չի էլ կասկածել, որ «Hollywood 10» սև ցուցակն իսկապես գոյություն ունի, մինչև անձամբ չի հայտնվել այնտեղ և ընդմիշտ դուրս մղվել երազանքների գործարանից:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Անձնավորություն» (Persona)
Կինոյի և թատրոնի նշանավոր շվեդ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան Ինգմար Բերգմանի էքզիստենցիալ դրամայում բացահայտվում է ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկը, երբ, չնայած պրոֆեսիոնալ և անձնական կյանքի թվացյալ բնականոն ընթացքին, մարդը հանկարծակի մենության զգացում է ունենում: Հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Ֆոգլերը (Լիվ Ուլման) ներկայացման ժամանակ հանկարծակի լռում է և դրանից հետո դադարում է խոսել մարդկանց հետ:
Հիվանդանոցում պարզ է դառնում, որ նա հոգեկան առողջության խնդիրներ չունի: Բուժքույր Ալման (Բիբի Անդերսոն) պետք է դուրս հանի նրան այդ վիճակից, և նրանք երկուսով գնում են դեպի ծով, որտեղ նրանց սպասվում են դժվարին օրեր:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան