Լևոն Ալթունյանը շարունակում է հանդիպուﬓերն առողջապահության կազմակերպիչների հետ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է հանդիպուﬓերը առողջապահության կազմակերպիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզի ներկայացուցիչների հետ այս օրերին կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը ևս բխում էին ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։ Ինչպես միշտ, առաջին հերթին շեշտադրվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը և շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելուն վերաբերող հարցերը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կառավարության գերակա ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա խնդիրները։
Լևոն Ալթունյանը կարևորել է նաև էլեկտրոնային առողջապահության համակարգում առավել ակտիվորեն ներգրավվելու, բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև այդ կենտրոնները կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորություններին։
Հիվանդանոցներն անհրաժեշտ նեղ մասնագետներով համալրելու նպատակով առաջարկվել է ուղղակի աշխատանքներ տանել ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի հատկապես տվյալ մարզերից ընդունված և մասնագիտացած շրջանավարտների հետ:
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը առողջապահության կազմակերպիչներին հորդորել է տեղերում ևս մեկ անգամ քննարկել ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ուղիները, իսկ լրացուցիչ հարցերը կամ առաջարկներն ուղարկել էլեկտրոնային փոստով` արագ արձագանքման նպատակով։