Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստն ավարտվեց. ի՞նչ որոշում է կայացրել դատարանը

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՌԴ-ում վթարի համար դատապարտված Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը։

Դատարանը որոշեց բավարարել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ միջնորդությունը՝  Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ՌԴ դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ: Դատարանը դատավճռի կատարումը շարունակելու համար դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ ՌԴ Մոսկվա քաղաքի Տրոյեցկի շրջանային դատարանի 2014թ. օգոստոսի 4-ի կայացրած դատավճիռը ճանաչեց և համապատասխանեցրեց ՀՀ քրեական օրենսգրքին։

Դատարանը որոշեց ՌԴ-ում Հարությունյանի նկատմամբ նշանակված 6 տարի 9 ամիս ազատազրկումը, 3 տարի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը թողնել անփոփոխ, Հրաչյա Հարությունյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. հուլիսի 14-ից, մնացած մասով՝ դատավճիռը թողնել անփոփոխ։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:

Արդարադատության նախարարության ՔԿՎ միջնորդությունը քննում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս