«Այս պահին շփման գծում իրավիճակը վերահսկելի է». Դավիթ Բաբայան
«Այս պահին շփման գծում իրավիճակը վերահսկելի է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
«Երիտասարդ տղա է զոհվել, բոլորս էլ ցավում ենք․ սա անդառնալի կորուստ է»,- ասաց Բաբայանը՝ նկատելով, որ հակառակորդի քայլերի մեջ որևէ տրամաբանություն չկա։
«Պարզապես գործ ունենք հիվանդ, հանցագործ, ֆաշիստական, ահաբեկչական պետության հետ, որը շարունակում է իր քաղաքականությունը։ Նման քայլերով ինչ-որ ձևով Ադրբեջանն ապտակ է հասցնում գերտերություններին։ Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայտարարեց, որ պետք է դիպուկահարները հետ քաշվեն, և մենք տեսնում ենք դրա պատասխանը։ Իսկ դա ոչ միայն ամերիկացի համանախագահի հայտարարություն էր, այլ ընդհանրական հայտարարություն էր, որովհետև նրանք միշտ անում են ընդհանրական, փոխհամաձայնեցված հայտարարություններ․սա պատասխանն էր»,- նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը խիստ վերաբերվի, կոնկրետ քայլեր ձեռնարկի «նման ահաբեկչական պետության դեմ». «Տարբեր քայլեր պետք է ձեռնարկվեն՝ քաղաքական, դիվանագիտական ճնշումներ, համապատասխան սանկցիաների կիրառում։ Ալիևն այնքան խոցելի է, այնքան այստեղ-այնտեղ գողացած փողեր ունի, և շատ հեշտ է նման պետությանը տեղը դնել»։
Թե ինչու նման քայլեր չեն ձեռնարկվում միջազգային հանրության կողմից, Բաբայանը բացատրեց նրանով, որ միգուցե փորձում են է՛լ ավելի չբարդացնել իրավիճակը. «Բայց սա ցույց է տալիս, որ ագրեսորն անտեսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ասել է թե՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ի ջանքերը։ Եվ կարծում եմ, որ ժամանակն է՝ Ադրբեջանի դեմ կոնկրետ միջոցներ ձեռնարկել»։