«Առաջին անգամ եմ լսում, որ ամռանն ինքնասպանությունների թիվն ավելանում է». հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչով է պայմանավորված ամռան ընթացքում ինքնասպանությունների թվի աճը, ասաց, որ առաջին անգամ մեզնից է լսում, թե ամռանն ինքնասպանություններն ավելանում են։

Թեպետ ամռան ընթացքում ինքնասպանությունների աճի վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, սակայն հոգեբանը պնդում է, որ դրանք հիմնականում ավելանում են գարնանը և աշնանը։

Մինչդեռ ինքնասպանությունների ամենամեծ հետազոտող, սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմն ինքնասպանությունների թվի աճը հատկապես ամառվա ժամանակահատվածում բացատրում էր մի հետաքրքիր հիմնավորմամբ. «Ամռանն օրերը երկար են, աշխատանքային գրաֆիկը՝ հնարավորինս թեթևացած, ուստիև ազատ ժամանակը մարդուն շատ դեպքերում կարող է տանել գոյաբանական ինչ-որ ոլորտների, ներքին խմորումների, որոնց մեջ խճճվելը բավական հեշտ է»:

Սակայն Սամվել Խուդոյանը պնդում է, թե ինքնասպանությունները շատանում են աշնանն ու գարնանը, որովհետև այդ շրջանում դեպրեսիան է շատ. «Դեպրեսիան դիտվում է՝ որպես ագրեսիա՝ ուղղված դեպի ներս։ Իսկապես, ես չեմ հանդիպել որևէ վիճակագրության, որ ամառային շրջանում ինքնասպանությունների թիվն ավելանա»։

Տեսանյութեր

Լրահոս