Դսեղ համայնքի ղեկավարը պնդում է՝ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել

Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել։ 168.am-ի հետ զրույցում Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանն ասաց, որ հիվանդությունը սկսվել է դեռևս գարնանը՝ անասուններին սար տանելու ժամանակ.

«Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, Սննդի անվտանգության տեսչությունից են եկել, անասնաբույժներ են եկել մեր մարզային կառույցներից, Երևանից։ Ամեն հնարավոր բան արել ենք, բայց դաբաղը հազար ու մի տեսակ ունի, ու պարզելը դժվար է, թե որ տեսակն է։ Միջոցառումներ արվել են, բայց բոլոր դեպքերում՝ այդ հիվանդությունը բռնկվել է»։

Դսեղ համայնքի ղեկավարը նկատեց, որ անասնատերը պարտաճանաչ է, միջոցառումները սահմանված կարգով կատարել է՝ անասունը բուժվել է, որը՝ ոչ, անասունները դեռ շարունակում են հիվանդ մնալ։

Գյուղացիների կրած վնասների չափի մասին նա դժվարացավ խոսել, միայն նշեց, որ գյուղացին զրկվել է իր արտադրանքից. «Հիվանդ կովերը չեն կթվել, անասնատերը կաթ չի ստացել, արտադրանք չի ստացել։ Դժվար է հաշվարկել ու կոնկրետ թվեր ասել։ Փաստը մնում է փաստ, որ գյուղացին զրկվում է իր արտադրանքից»։

Դաբաղը հարուցիչային վարակ է, որը փոխանցվում է կենդանիների միջոցով. դրանով առավել հաճախ հիվանդանում են երկեղջյուր կենդանիները։ Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանիների և նրանց արտաթորանքի, ինչպես նաև՝ չպաստերիզացված կաթի ու դրանից պատրաստված մթերքների հետ շփման հետևանքով:

Ի դեպ, քիչ առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, թե Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության հետ կապված որեւէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից չի ստացել:

 

Տեսանյութեր

Լրահոս