«Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Հայաստանի հետ կապված անտագոնիստական խնդիրներ չեն ծագի». Մանվել Սարգսյան

«Բնական է, խնդիրներ լինելու են, բայց ես չեմ կարծում, որ կոնկրետ Հայաստանին դա շատ է վերաբերում: Ո՛չ: Հայաստանի հետ կապված հարցեր կան, որոնց շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն նույն դիրքորոշումը, և ես չեմ կարծում, որ անտագոնիստական ինչ-որ խնդիրներ ծագեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության խորացման պատճառով Հայաստանը ստիպված կլինի՞ ընտրել:

Ըստ նրա` թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը, մեծ պրետենզիաներ երբեք էլ չի ներկայացրել.

«Ուրիշ է, որ Արևմուտքի հետ լայն համագործակցության խնդիր բացվի, գուցե ինչ-որ խնդիրներ լինեն, բայց կարծես նման բան չկա: Անվտանգության խնդիրները միակողմանի լուծվում են ՌԴ-ի հետ, ռուսական ռազմաբազայի առկայությունն այստեղ կարծես ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ԱՄՆ-ի կողմից կոշտ արձագանքի երբեք չի արժանացել: Կարծես գերտերությունների միջև Հայաստանի հետ կապված ներքին համաձայնություն կա: Այդ պատճառով այսօր խոսել, որ բարդություններ կարող են ստեղծվել, չեմ կարծում: Այլ հարց է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը կարող է բացասական ազդել Հայաստանի վրա, ինչը զգացել ենք, և ինչը կարող է խորանալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս