Բաժիններ՝

Երիտասարդ սիրիացի փախստականների ավելի քան 50 տոկոսը կասկածում է, թե տուն կվերադառնա

Երիտասարդ սիրիացի փախստականների ավելի քան կեսը վստահ չէ, որ հայրենիք կվերադառնա: Այդ մասին վկայում են ASDA`A Burson-Marsteller սոցիոլոգիական ընկերության հարցման տվյալները:

ASDA`A Burson-Marsteller ընկերությունը, որը մասնագիտանում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում անցկացվող հարցումներում, հրապարակել է արաբ երիտասարդության տրամադրությունների Arab Youth Survey իր ամենամյա հետազոտության արդյունքները: Հարցման տվյալներից հետևում է, որ 18-24 տարեկան սիրիացիների 54 տոկոսը կարծում է, որ երբեք չի վերադառնա Սիրիա, 42 տոկոսը դրա հնարավորությունը չի բացառում:

Հարցվածների 47 տոկոսի համար Սիրիա վերադառնալու օգտին հիմնական գործոնը պատերազմի ավարտն է: Տարածվածությամբ երկրորդ գործոնը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հեռացումն է:

Հետազոտության տվյալների համաձայն, հարցված սիրիացիների միայն 7 տոկոսն է հայտարարել, որ տուն կվերադառնա, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թողնի իր պաշտոնը: Փախստականների 71 տոկոսը գտնում է, որ մարտական գործողությունների ավարտը շատ ավելի կարեւոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, քան Ասադի պաշտոնաթողությունը:

Այն երկրների թվում, որտեղ սիրիացի փախստականները կցանկանային ապրել, հարցվածները նշել են Կանադան, ԱՄՆ-ը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հարցմանը, որն անցկացվել է փետրվարի 7-ից մինչեւ մարտի 7-ը, մասնակցել են երկու սեռերի 18-ից մինչև 24 տարեկան 400 սիրիացի փախստականներ: Հարցվածներն ապրում են Հորդանանում և Լիբանանում տեղակայված փախստականների ճամբարներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս