«Ռազմավարությունը դառնում է խիստ անհրաժեշտ». Կարեն Կարապետյանը` ջրամբարների կառուցման մասին
Կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացման խնդիր է դրել: Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով փոքր ու միջին ջրամբարների կառուցման հարցին:
Ըստ նրա` դրա արդյունքում կավելանան գյուղատնտեսական ոռոգելի հողերի տարածքները, կարձագանքվի ջերաստիճանի բարձրացման մարտահրավերին, տեղումների կրճատմանը:
«Ռազմավարությունը դառնում է խիստ անհրաժեշտ»,- ասաց վարչապետը` կարևորելով, որ միջին և փոքր ջրահոսքերի ամբարումը կբավարարի ջրօգտագործողների պահանջը, կբարձրացնի ռեսուրսների կառավարումը:
Ջրային պետական կոմիտեի նախագահին Կ.Կարապետյանը հանձնարարեց երկամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և, համատեղ քննարկելով գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարների հետ, ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի առաջրկներ` տալով դրանց ֆինանսական գնահատականը: