Բաժիններ՝

Շամիրամ գյուղում կրակ բացած Թելման Քալաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. 1 անձ ձերբակալվել է

Շամիրամ գյուղում 4 անձի սպանության մեջ կասկածվող 50-ամյա Թելման Քալաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-6 կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 1-ին մասով:

«Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սույն գործով կա մեկ ձերբակալված, ով հանդիսանում է Քալաշյանի ազգականը»,- նշեցին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ Թելման Քալաշյանը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք էր գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել էին տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական հաստատություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս