Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ վարորդական իրավունքների հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել. Կոլերով. Tert.am
Ռուսաստանի քաղաքական էլիտայի մեծամասնությունը չգիտի հայաստանյան վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու արգելանք սահմանված լինելու մասին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու այդպես էլ չգտնվեց փոխզիջումային տարբերակ, հարցն այդպես էլ չկարգավորվեց:
Կոլերովը շեշտեց, որ հարցը կարգավորելու համար Հայաստանի քաղաքական էլիտան պետք է դիմեր Ռուսաստանին, իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի բարձր ներկայացուցիչ՝ Տիգրան Սարգսյանը, ով կարող է դիմել Ռուսաստանի քաղաքական էլիտային:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գլխավորում է ազգությամբ հայ, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: Եթե Հայաստանը ցանկանար բարձրացնել հարցը, բարձրացներ այնպես, որ ողջ Ռուսաստանն իմանար խնդրի մասին, ապա կարող էր Տիգրան Սարգսյանի միջոցով քաղաքական էլիտային հասցնել խնդիրը:
Բայց Հայաստանի քաղաքական էլիտան չի դիմել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը չի կարող օդից իմանալ, մտքեր կարդալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Հարկավոր է Ռուսաստանի քաղաքական էլիտային հստակ դիմել, ահազանգել, որ օրինակ հայազգի 7 հազար կամ 8 հազար քաղաքացիները չեն կարողանում աշխատել Ռուսաստանում, եկեք քննարկենք հարցը, գտնենք լուծումներ, բայց նման դիմում ՀՀ կողմից չի արվել»,- նշեց Մոդեստ Կոլերովը:
Քաղաքական վերլուծաբանը նկատեց՝ Հայաստանում չեն էլ հայտարարում, թե այս դրույթի պատճառով քանի մարդ է զրկվում Ռուսաստանում մեքենա վարելու, աշխատանք գտնելու իրավունքից: Նա հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ չի հայտարարվում, թե որքան մարդ է տուժում, որպեսզի պատկերն ավելի հասկանալի դառնա:
Կոլերովը համաձայնեց, որ տեղի ունեցածը կարող է և հանգեցնում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը, որովհետև հենց այդ մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել Ռուսաստանում իրենց վարորդական իրավունքների միջոցով, ինչ-որ առումով նեղացած ու նեղսրտած են, դժգոհ են:
Միաժամանակ, վերլուծաբանն ասաց, որ եթե ինքը լիներ ՀՀ քաղաքացի, ապա Հայաստանի իշխանություններին հարց կտար՝ ի՞նչ եք արել դուք, որ հարցը կարգավորվի, բանակցե՞լ եք Ռուսաստանի հետ, փորձե՞լ եք գտնել կարգավորման տարբերակներ:
Նա հիշեցրեց, որ «Ելք» կուսակցությունների դաշինքը դիմել էր հարցը կարգավորելու հարցով, բայց նկատեց, որ նույն «Ելք»-ը առաջարկել էր դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: «Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել: «Ելք»-ը պիտի ուրախանար, որ նման խնդիր կա: Այս հարցը կարող է լուծվել ԵԱՏՄ անդամ լինելով, չի կարելի պայքարել խնդրի լուծման համար, բայց դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- նշեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: