
«2017 թվականը ընդամենը 0.2 աստիճանով զիջեց պատմական ռեկորդի թվին». Գագիկ Սուրենյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ամփոփելով հունիս ամսվա եղանակակլիմայական պայմանները՝ նշեց, որ մինչև հունիսի 22-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում: Տեղումների քանակը շատ անհավասար է բաշխված եղել, դիտված անձրևները կրել են լոկալ, գերակայուն բնույթ. եղել են հատվածներ, որտեղ տեղումների քանակը նորման գերազանցել է, եղել են հատվածներ, որ տեղումների քանակը նորմայից ցածր է եղել:
Հունիսի 24-ից սկսած՝ Արաբական թերակղզուց մեր երկիր են ներթափանցել արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք շարունակվում են մինչ օրս:
Հունիսին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է հունիսի 28-ին: Արենիում գրանցվել է +39.2 աստիճան տաքություն, Արարատում՝ +38.8 աստիճան տաքություն, իսկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է մինչև +38 աստճանի, Դավիթաշենում՝ մինչև +39 աստիճանի: Արարատյան դաշտի մյուս օդերևութաբանական կայաններում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է +38 աստիճանի սահմաններում: Բարձր ջերմային ֆոնը պահպանվում է մինչ օրս:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հունիսին նման ջերմաստիճանները բարձր ցուցանիշ են: «Մեր պատմական ռեկորդը եղել է 1998 թվականին, երբ օդի ջերմաստիճանը հասել է +39.2 աստիճանի: Փաստորեն, 2017 թվականն ընդամենը 0.2 աստիճանով զիջեց պատմական ռեկորդի թվին: Ներկա պահին օդի միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է մոտ 5-6 աստիճանով»:
Գագիկ Սուրենյանը նաև նշեց, որ հունիսի 29-ին հանրապետության մի շարք շրջաններում բավական ինտենսիվ կարկտաամպրոպային երևույթներ են նկատվել: Սիսիանում կես ժամվա ընթացքում թափվել է 30 միլիմետր անձրև, իսկ դա համապատասխանում է Երևանի՝ ամբողջ հունիս ամսվա ընթացքում տեղումների քանակին: Եղել է նաև շատ ուժեղ կարկտահարություն: Կարկտահարություն է գրանցվել նաև Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի առանձին հատվածներում:
Անի Թորոսյան