Կատարը բոյկոտող երկրները մտադիր չեն բանակցել ճգնաժամի հաղթահարման շուրջ. Դոհա
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը մտադիր չեն Կատարի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այս կարծիքը հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին Վաշինգտոն այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրուցելիս:
«Առկա է միտում, որը մատնանշում է, որ շրջափակում իրականացնող երկրները մերժում են ճգնաժամի կարգավորումը բանակցությունների միջոցով,-ԱԳ նախարարի խոսքը մեջբերել է Al Arab թերթը:-Պահանջների ցուցակը պատրաստվել է այնպես, որ այն մերժվի»:
Ընդսմին նա ընդգծել է, որ Դոհան պնդում է «այնպիսի լուծում, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների եւ պետության ներքին գործերին չմիջամտելու վրա»:
«Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը պարզ էր ճգնաժամի սկզբից, այն է՝ էսկալացիա թույլ չտալ տարածաշրջանում,-ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:-Ամերիկացիները հասկանում են, որ ճգնաժամն արհեստական է եւ կապված չէ ահաբեկչության դեմ պայքարի հետ: Ահաբեկչությանը դիմակայությունը պարզապես կարգախոս է, որը շրջափակմանը մասնակցող երկրների կողմից օգտագործվում է Արեւմուտքին իրենց կողմը ներգրավելու համար»:
Կատարի ԱԳ նախարարը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման եւ Սաուդյան Արաբիա) համարել է «կայունության վերջին աղբյուրը տարածաշրջանում»: «Կատարը պաշտպանում է Խորհրդի քաղաքականությունը եւ նրա շահերը: Մենք մտադիր ենք աշխատել միջազգային ինստիտուտների հետ եւ վերջ դնել շրջափակմանը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: