Թրամփն ազդարարել է ամերիկյան էներգետիկական քաղաքականության «ոսկե դարաշրջանի» սկսվելը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է ԱՄՆ-ի թեւակոխումը Էներգետիկական քաղաքականության «ոսկե դարաշրջան»՝ բնական գազի, նավթի եւ ածխի արտահանման ավելացման շնորհիվ: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է Investing.com-ը:
Թրամփը պլանավորում է ամերիկյան հեղուկացված բնական գազի վաճառահանման նորանոր շուկաներ գտնել Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում, որն այժմ զգալի չափով կախված է Ռուսաստանից կատարվող մատակարարումներից:
Բացի դրանից, ԱՄՆ-ը պատրաստվում է ածուխ արտահանել Ուկրաինա: «Ուկրաինան արդեն մեզ հայտնել է, որ իրեն միլիոնավոր ու միլիոնավոր տոննաներով ածուխ է անհրաժեշտ»,- հայտարարել է Թրամփը: «Հենց այժմ կան շատ այլ վայրեր, որտեղ այն (ածուխը) նույնպես անհրաժեշտ է, եւ մենք այն կվաճառենք աշխարհում բոլորին եւ յուրաքանչյուրին, ում այն հարկավոր լինի»,- հավելել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: