Թրամփը Եվրոպայում կխոսի ՌԴ-ի հետ «ավելի կառուցողական» հարաբերությունների հաստատման մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունը, որն սկսվում է հուլիսի 5-ին, կլինի, «կարճատեւ, բայց հագեցած»: Դրա ընթացքում կարծարծվի նաեւ Ռուսաստանի հետ «ավելի կառուցողական հարաբերությունների» հաստատման հարցը:
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտնել է ազգային անվտանգության գծով Միացյալ Նահանգների ղեկավարի օգնական Հերբերտ Մաքմասթերը։
Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 7-8-ը հավաքվելու են աշխարհի առաջատար երկրների «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարները: Մասնավորապես, այնտեղ պետք Է կայանա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին անձնական երկկողմ հանդիպումը:
«Ինչպես արդեն ասել է մեր նախագահը, ինքը կցանկանար, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքն, ամբողջությամբ վերցված, ավելի կառուցողական հարաբերություններ ունենային Ռուսաստանի հետ,- ասել է Մաքմասթերը:- Բայց նա նաեւ հասկանալ է տվել, որ մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք Ռուսաստանի ապակայունացնող գործելակերպին հակահարված տալու համար», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: