ՄԻՊ աշխատակազմը 11.8 մլն դրամով նոր «Toyota Camry» է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, չնայած կառավարության՝ պետական միջոցները խնայելու մասին հորդորներին, նոր ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմը անցած տարվա դեկտեմբերի 7- ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ և գնել է բոլորովին նոր՝ 2016 թվականի արտադրության, սև գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով «Toyota Camry»:
Դրա համար ՄԻՊ-ը ծախսել է 11.8 մլն դրամ (ավելի քան 24.5 հազար դոլար): Սա այն դեպքում, երբ ՄԻՊ-ը 6 հատ ավտոմեքենա ուներ, որոնք դեռևս 2012-ին հատկացրել էր ԵԱՀԿ գրասենյակը: Այնուամենայնիվ, ՄԻՊ մամլո խոսնակ Մարիամ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ունե՞ր այդ նոր ավտոմեքենայի կարիքը: «Այն գնվել է տնտեսումների արդյունքում, և անհրաժեշտությունը եղել է»,- պատասխանեց նա:
Նկատենք, որ գումար խնայելու հիմնավորմամբ նոր խորհրդարանում չի գործում Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Ստացվում է, որ մի դեպքում գումար չկա, մյուս դեպքում տնտեսում է արվել, և նոր մեքենա գնվել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։