Թուրքիան գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունները «սադրիչ և չարամիտ» է որակել
Պաշտոնական Անկարան խիստ վրդովված է այն փաստից, որ Գերմանիան թույլտվություն չի տալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ այդ երկրում բնակվող՝ Թուրքիայի քաղաքացիների առջև: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Խնդրի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր քարտուղար Իբրահիմ Քալընը, ով գերմանացի քաղաքական գործիչների՝ այս առնչությամբ արված հայտարարություններն անվանել է «սադրիչ և չարամիտ»:
«Ամեն պահի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների հարցում Թուրքիային դաս տալ փորձողները, ովքեր աջակցում են ահաբեկչական խմբավորումներին ու հեղաշրջման փորձը նախաձեռնողներին, փորձում են արգելել մեր նախագահի հանդիպումը մեր քաղաքացիների հետ, ինչը Եվրոպայում տիրող երկակի ստանդարտների հերթական ապացույցն է »,- հայտարարել է Քալընը՝ հույս հայտնելով, որ գերմանական կողմը կհրաժարվի իր որոշումից:
Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Նա պաշտոնապես դիմել է տեղի իշխանություններին միջոցառում կազմակերպելու և այդտեղ ելույթ ունենալու խնդրանքով:Այս մասին հայտնել էր Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ նշելով, սակայն, որ թուրք-գերմանական լարված հարաբերությունների պարագայում այդ հանդիպումը նպատակահարմար չէ: Իսկ գերմանական տարբեր քաղաքներ մերժել էին ելույթի համար սրահ տրամադրել Թուրքիայի նախագահին:
Խնդրի առնչությամբ հանդես է եկել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն, ով բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: