«Ալիևը հիմար չէ և հիմա չի սկսի պատերազմել». Ալեքսանդր Սկակով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը: Հետաքրքիրն այն է, որ ռուսական զենքի նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր աոաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին:
Սպառազինության նոր խմբաքանակի ֆոնին Հայաստանում վերսկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտող հայտարարությունները: Մասնավորապես՝ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել այս հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգևորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում ենք՝ նա անկեղծ չի լինի»:
Հետաքրքիր է, որ հայ պաշտոնյաների պես ոգևորված չեն նաև ռուս քաղաքագետներից մի քանիսը, ովքեր կարծում են, որ սպառազինություն չպետք է տրվի ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին: Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ ՌԴ-ն ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:
– Պարոն Սկակով, օրեր առաջ Ադրբեջանը սպառազինության հերթական խմբաքանակն է ստացել ՌԴ-ից: Արդյո՞ք դա հուշում է իրավիճակի սրման հավանականության մասին:
– Դուք գիտեք, որ Ադրբեջանը մշտապես սպառազինվում է, դա նրա մշտական զբաղմունքն է, որի վրա ծախսվում է նրանց բյուջեի մեծ մասը: Նոր սպառազինություն ձեռք բերելը ոչինչ չի նշանակում: Կարող ենք միայն փաստել, որ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել պատերազմի, ոչ թե խաղաղ ճանապարհով: Սակայն չեմ կարծում, թե հիմա հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի նման քայլի, սակայն այն, որ այդպիսի ցանկություններ մշտապես առկա են, գաղտնիք չէ:
– Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի դիմի նման քայլի:
– Քանի որ հիմա անհրաժեշտ հանգամանքներ չկան: Այժմ ուժերի բալանսավորում է առկա շնորհիվ Հայաստանին մատակարարված սպառազինության, դա ցուցադրվեց, և բոլորը տեսան: Երկրորդ հետ պահող հանգամանքն այն է, որ հիմա լավ են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան չի ցանկանա դրդել Ադրբեջանին՝ դիմելու ռազմական գործողությունների: Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի ներսում իրավիճակը սրված չէ: Երբ ներսում դժգոհությունները շատանան, կարող են դիմել արկածախնդրության, սակայն հիմա հարաբերական հանգիստ է: Այդ պատճառով ես հիմա չեմ տեսնում ֆակտորներ, որոնք կստիպեն պատերազմել: Ալիևը հիմար չէ և հիմա չի սկսի պատերազմել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։