«Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել»
Հարցազրույց Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ
– Պարոն Կալաչով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածելու ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է, որպեսզի թիրախային երկրները կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն։ Ո՞ւմ են ուղղված Լավրովի ակնարկները։
– Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը՝ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու վերաբերյալ, անգամ ակնարկ չէ, այլ բաց տեքստով հայտարարություն է՝ ուղղված հայկական կողմին, քանի որ Հայաստանը շարունակում է, ինչպես հայտնի է, «կիսվել» Ռուսաստանի և Եվրոպայի միջև, և խոսակցություններն այն մասին՝ վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում, հայկական հասարակությունում շարունակվում են։ Իսկ ամենագլխավորն այն է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ընտրության առաջ՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ չի ստորագրի։
Ձեր ակտուալ օրակարգի բովանդակությունը, թե վերջին շրջանում ինչ է քննարկվում Հայաստանում, նույնն է՝ շահավե՞տ է Հայաստանին ԵԱՏՄ-ում լինելը, թե՞ ոչ։ 2016 թ. ձեր տնտեսությունը գրեթե 0-ական աճ է ունեցել։ Հասկանալի է, որ կան մարդիկ, որ հայտարարում են, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հույսերն արդարացել են, կան մարդիկ, որ հայտարարում են, որ չեն արդարացել, այդ թեմայով կա նաև Համաշխարհային բանկի զեկույցը, որ ձեր մոտ գործարար միջավայրը վատն է, Հայաստանը ներդրումների համար ամենագրավիչ երկիրը չէ, կան հարաբերությունները Ռուսաստանի հետ, կան հարաբերություններն Արևմուտքի հետ, մասնավորապես՝ կան որոշակի տրանշեր Արժույթի միջազգային հիմնադրամից, կան էներգակիրների ցածր սակագներ Ռուսաստանից։ Բայց ամենակարևորը, որ Հայաստանը նախկինի պես գտնվում է երկու քարի արանքում, կամ, ինչպես ասում են, ուզում է ձուկ բռնել, բայց ջուրը չմտնել, այսինքն՝ «կամ-կամ»-ը թողնված է ապագային: Հայաստանը կարծես ցանկանում է երկու դիմակով գործել, ավելի շատ՝ Ռուսաստանի հետ։
Իրականում Հայաստանի ընտրության հարցը մեկ անգամ չէ, որ օրակարգում կհայտնվի: Բավականին ակտիվ է Եվրամիությունը, որն աջակցում է հասարակական սեկտորի ձևավորմանը, կա Վրաստանի օրինակը, թեև՝ որքանո՞վ է նրա օրինակը կիրառելի, դեռ հարց է, որովհետև հենց ձեր նախարարներն են ասում, որ Վրաստանի օրինակն ամբողջությամբ կիրառելի չէ Հայաստանի համար, բայց Վրաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, լուծում է իր տնտեսական խնդիրները։ Ամեն դեպքում, հայկական հասարակությունը միատարր չէ, կա նաև սփյուռքի կարծիքն ու ազդեցությունը, քաղաքացիներն ու քաղաքական ուժերը տարբեր պատկերացումներ ունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ:
Եվ Լավրովը ոչ թե փորձում է, այլ ուղիղ ասում է, որ, քանի որ նույն «Արևելյան համագործակցությունն» ընկալվում է՝ որպես հակառուսական, ապա, եթե ինչ-որ համաձայնագիր ստորագրվի նոյեմբերին, ապա դա ևս կդիտարկվի՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն:
– Բայց հայ պաշտոնյաները պնդում են, որ այդ համաձայնագիրը ոչնչով չի հակասում ԵԱՏՄ-ին: Դուք իսկապես վստա՞հ եք, որ Հայաստանին սպառնում է նոր «սեպտեմբերի 3»։
– Երևանը ճիշտ դիրքորոշում է որդեգրել՝ չհամոզել և չընդդիմանալ: Բայց կա գործողություն, և կա դիմադրություն։ Այսինքն՝ ճնշումը շատ ցավոտ կընկալվի։ Եթե ասենք, որ մենք դեմ ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, դա բացասական ռեակցիա կառաջացնի։ Ո՞ւմ է դա պետք: Գուցե ռուսական դիվանագիտությունն ավելի նուրբ է դարձել, չի ընդդիմանում, բայց հասկանալի է, որ դա կտևի միայն մի որոշակի ժամանակ։ Կա մի սահման, որից հետո Հայաստանը պետք է վերջնական ընտրության առջև կանգնի, բայց դա սարսափելի չէ։ Մի օր հարցը դրվելու է «կամ-կամ» սկզբունքով, իսկ առայժմ կարելի է համատեղել՝ զարգացնել հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ։
Ռուսաստան-Հայաստան առևտրային կապերը տարբերվում են Հայաստան-ԵՄ առևտրային կապերից: Իհարկե, այդ առումով շահավետ է զարգացնել բոլոր հնարավոր կապերը։ Նաև հասկանալի է, որ Ռուսաստանն այժմ փորձում է ցույց տալ, որ չի թույլատրի իր ուղեծրից շեղում։ Կարծում եմ՝ Լավրովի հայտարարությունը շատ հասկանալի է:
Այսինքն, եթե խոսքը գնում է նրա մասին, որ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նախաձեռնություն է, նշանակում է, որ դրան մասնակցությունը նույնպես հակառուսական է: Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, և, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարևոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները: Վերջերս մեր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել էր ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ: Վոլոդինն ասել էր, որ Հայաստանը ոչ թե պարզապես մեր ռազմավարական գործընկերն է, մեզ շատ թելեր են կապում, այլ նաև՝ մենք բարեկամ երկրներ ենք: Այսինքն՝ կա հավասարության նշան գործընկերության և ռազմավարական հարաբերությունների, գործընկերության և բարեկամության միջև:
Բնականաբար, Հայաստանի հետ գործընկերությունը չի դադարեցվի, եթե անգամ Հայաստանն ինչ-որ բան ստորագրի Եվրամիության հետ: Բայց բարեկամության մասին արդեն ավելի դժվար կլինի խոսել, քանի որ ընտրություն է կատարվելու գործընկերության և միության միջև: Կարծում եմ՝ այս թեման դեռ երկար է քննարկվելու, քանի որ, հասկանալի է, վերջնական ընտրությունը՝ «կամ-կամ», Հայաստանը չի անի, որովհետև որոշակի բազմաբևեռություն կա, բայց նաև պարզ է, որ Ռուսաստանը չէր ցանկանա, որ Հայաստանն ընտրեր այն ուղին, որն այսօր ընտրել է Մոլդովան կամ Վրաստանը: Դա շատ ակնհայտ է։
– Բայց նույն Լավրովը որոշ ժամանակ առաջ հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ, որպեսզի Համաձայնագիրը ստորագրվի, և ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ այդ համաձայնագիրը մարտին Երևանում արդեն նախաստորագրվել է, դա մի՞թե նշանակություն չունի:
– Ոչ, բնական է, որ Լավրովն այդպես պետք է հայտարարեր: Այլ բան ասելը հիմարություն կլիներ, քանի որ դա ճնշում կդիտարկվեր: Մանավանդ, որ համաձայնագիրն ինչ-որ արտառոց սպառնալիքներ չի կրում: Ուկրաինան էլ ստորագրեց, բայց էլի աշխարհը փուլ չեկավ: Ռուսաստանը ցույց է տալիս, որ հարգում է Հայաստանին՝ որպես գործընկեր, համարում է, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ունի լիակատար ինքնիշխանություն, որը Ռուսաստանը ոչ մի դեպքում չի սահմանափակի:
Բայց նորից կրկնեմ. մի՞թե ակնհայտ չէ, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն առայժմ չեն բարելավվում, պատժամիջոցները չեն վերացվում, այս ամենը խանդոտ է ընկալվելու: Եթե զուգահեռ բարելավվեին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, Եվրամիության միջև հարաբերությունները, դա այլ պատմություն կլիներ, բայց երբ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում առաջընթաց չկա, իսկ Արևմուտքի ու Հայաստանի հարաբերություններում՝ կա, ապա Ռուսաստանը սա կընդունի ի գիտություն, բայց դժվար թե ուրախանա:
– Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ սպառնալիքը ոչ թե ԵՄ-ից է գալիս, այլ՝ ուրիշ տեղից, և, եթե Հայաստանը չի ցանկանում ԵՄ-ի աջակցությունը ստանալ, ապա չեն պարտադրի: Ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը:
– Դատելով ազգանունից՝ Սվիտալսկին լեհ է: Այստեղ ամեն ինչ պարզ է: Ռուսաստանի և Լեհաստանի հարաբերությունների բնույթը ոչ մեկի համար գաղտնիք չէ, դրանք բավականին սառն են: Հասկանալի է, որ Լեհաստանը հավակնում է յուրահատուկ դերակատարում ունենալ Եվրամիությունում, լեհ քաղաքական գործիչները շատ ակտիվ դեր են խաղում: Հենց Ռուսաստանի հանդեպ նրանք առավել կոշտ դիրքորոշում են որդեգրել: Սա գաղտնիք չէ: Նրա ակնարկը հասկանալի է, թե որտեղից է քամին փչում: Պարզ է, որ Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին Ռուսաստանին է ակնարկում:
Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք գնահատել ՀՀ վերջին ընտրությունները, բայց պարզ է, որ ցանկացած հարաբերություններում կիրառվում է «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը, այսինքն՝ մի դեպքում կարող են լինել ինչ-որ պարգևավճարներ, խրախուսումներ, բայց կա նաև ճնշելու հնարավորությունը: Օրինակ, Հայաստանում ընտրությունների համապատասխանությունը բազմաթիվ չափանիշերին, ընդունումը կամ չընդունումն այն փաստի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և այլն: Ակնհայտ է, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանին օգնել կողմնորոշման հարցում: Այդ առումով պարոն Սվիտալսկու խոսքերը հասկանալի են, և պարզ է, թե դեպի ուր է նա կողմնորոշում Հայաստանին՝ դեպի Արևմուտքի երկրներ, Եվրոպա: Այս ամենը «հարյուր տարվա» պատմություն է, նկատի ունեմ Հայաստանի պատմական ընտրությունը՝ լինել Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի հետ:
Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել: Եվրամիությունը փորձում է ազդել հայկական հասարակական կազմակերպությունների միջոցով, աջակցում է դրանց զարգացմանը, Մոսկվան հիշեցնում է, թե որքանով է Հայաստանի անվտանգությունը կախված Ռուսաստանի հետ ընկերությունից, և այլն։ Յուրաքանչյուր կողմը «վերմակը» ձգում է դեպի իրեն, և ոչ մի նորություն այստեղ չկա։
– Իսկ Ձեր կարծիքով՝ դեռ որքա՞ն ժամանակ լարված կմնան Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, ե՞րբ հնարավոր կլինի խոսել պատժամիջոցների չեղարկման մասին։
– Դատելով ամեն ինչից՝ Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակաշրջանում դա տեղի չի ունենա։ Այսինքն՝ բոլորն արդեն վարժվել են ապրել պատժամիջոցների պայմաններում, խնդիրն ամենևին այդ պատժամիջոցները չեն, կամ հակապատժամիջոցները, այլ՝ առաջընթաց դեռ չի նկատվում։ Այսինքն՝ որևէ դրական տեղաշարժ չկա Դոնեցկի ու Լուգանսկի խնդրի լուծման հարցում, համապատասխանաբար՝ չեն իրացվում համաձայնագրերը, առաջընթաց չի նկատվում նաև հարաբերություններում։ Առաջիկայում նախատեսվում է Պուտին-Թրամփ հանդիպում, բայց Պուտինն արդեն հանդիպել է Մակրոնի հետ, և արդյունքն ավելի շուտ բացասական է, քան դրական։
Թրամփի հետ հանդիպումը, կարծում եմ, նույնպես դժվար թե որևէ բան սկզբունքորեն փոխի, որովհետև ոչ ոք չի ուզում որևէ հարցում զիջել։ Ռուսաստանի իշխանությունը գտնում է, որ բացարձակապես ճիշտ է։ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանը մեծ տնտեսական կապեր չունի, այս երկրների համագործակցությունը հետաքրքիր է միայն «Իսլամական պետության» դեմ պայքարի, Սիրիական խնդրի համատեքստում, իսկ Եվրոպայի հետ թեման այլ է, որովհետև տնտեսական կապերը մեծ դեր են խաղում։
Բայց ինչպես ցույց է տալիս Վրաստանի օրինակը, բոլորովին պարտադիր չէ ունենալ ջերմ բարեկամական հարաբերություններ՝ զարգացնելու համար տնտեսական համագործակցությունը, այսինքն՝ ռուսական էներգակիրները նախկինի պես վաճառվում են։ Ընդհանուր առմամբ, ինձ թվում է՝ արտաքին իրադրությունը դեռ շատ երկար այսպես կշարունակվի, որովհետև չկա մոտիվացիա, որ որևէ կողմը հանկարծ կտրուկ փոխի իր դիրքորոշումները, օրինակ, մեր իշխանությունները որոշեն ցույց տալ համագործակցելու իրենց պատրաստակամությունը, չեղարկեն հակապատժամիջոցները, ակտիվ մասնակցություն նախաձեռնեն Դոնբասի խնդրի լուծման հարցում՝ հաշվի առնելով Կիևի շահը։ Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ դա շուտ տեղի կունենա։
Յուրաքանչյուրն այստեղ պատերազմում է և յուրաքանչյուրը հույս ունի, որ գետի հոսանքը մի օր կբերի իր հակառակորդի դին։ Այսինքն՝ կա՛մ էշը կսատկի, կա՛մ փադիշահը կմահանա։ Եվ, այսպես նստած, սպասում են։ Ես չեմ կարծում, որ դրական կամ բացասական փոփոխություններ կլինեն։ Գուցե, երբ Ռուսաստանն այլ նախագահ ունենա, իրադրությունը կփոխվի, բայց այս նախագահի դեպքում, կարծում եմ, շատ քիչ բան կարող է փոխվել, առավել ևս, որ որևէ ծայրահեղ բան տեղի չի ունենում։ Իհարկե, Ռուսաստանի տնտեսական աճը շատ թույլ է, բայց չէ՞ որ Եվրոպայի հետ բարեկամությունը, այսպես թե այնպես, չի ազդի նավթի գների վրա։ Այնպես որ, կսպասենք, կհետևենք զարգացումներին։ Մենք արդեն վարժվել ենք ապրել այս պայմաններում այնպես, ինչպես Հայաստանը սովորել է ապրել իր իրականությունում՝ մշտապես լարված իրադրություն Ադրբեջանի հետ սահմանագծին, Թուրքիայի հարևանությամբ։ Չէ՞ որ դուք էլ եք ապրում հրաբխի վրա և արդեն սովորել եք։