Բաժիններ՝

Հայկական OnQuark ստարտափը կմասնակցի Ռիգայում կայանալիք Techchill-ին, իսկ LiveBoard-ը՝ Startup Wise Guys-ի ընտրական գործընթացին

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացել է սկզբնական փուլում գտնվող ստարտափների համար նախատեսված «Investor and mentorship day» միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին թե՛ B2B, թե՛ B2C լուծումներ ներկայացնող ստարտափներ: Թվով 13 ստարտափներն ընտրվել էին նախապես:

Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորի հիմնադիրները, ֆրանսիական Startdoon ներդրումային նախաձեռնության հիմնադիրները և հայկական ստարտափներում ներդրումներ կատարող smartgate.vc վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները մի ամբողջ օր անհատական հանդիպումների ձևաչափով (office hours) աշխատեցին ընտրված 13 ստարտափների հետ:

StartDoon ներդրումային նախաձեռնության և Startup Wise Guys աքսելերատորի փորձառու 5 մասնագետներն աշխատեցին նրանց պրոդուկտի զարգացման պլանի, շուկայի ռազմավարության և pitch deck-ի վրա, որի անմիջական ներկայացումը տեղի ունեցավ նույն օրը կայացած ստարտափների Pitch Battle-ի ժամանակ։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը նշում է, որ այս փուլում գտնվող ստարտափները մեծապես կարիք ունեն մասնագիտական ուղղորդման և մենթորության, որի շնորհիվ նրանցից շատերը կկարողանան ճիշտ ընտրել իրենց գաղափարի թիրախային լսարանը, պրոդուկտի առանձնահատկությունները և հասկանալ իրենց հետագա քայլերը մոտակա մի քանի ամիսների ընթացքում:

«Միջոցառմանը մասնակցելու համար դիմել էին 30-ից ավելի ստարտափներ, որոնցից 13-ը միջոցառման ընթացքում ստացան շատ կարևոր խորհուրդներ և մասնագիտական ուղղորդում»,- նշում է Արտաշես Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում StartupWiseGuys աքսելերացիոն ծրագրի նախորդ տարվա մասնակից Inapptics ստարտափը մասնակիցների հետ կիսվեց իր հաջողության պատմությունով:

Հաճախորդների սպասարկման ոլորտում հետաքրքիր լուծում առաջարկող  OnQuark ստարտափը հնարավորություն ստացավ մասնակցելու  Ռիգայում կայանալիք Techchill միջոցառմանը, որի ժամանակ կկարողանա հանդիպել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ինչպես նաև՝ ներկայացնել պրոդուկտը եվրոպական և բալկանյան երկրների ներդրողներին։

Իսկ բազմաֆունկցիոնալ կենդանի գրատախտակ առաջարկող LiveBoard ստարտափը հնարավորություն ստացավ մասնակցելու Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի ընտրական գործընթացին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս