Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը կվերանայի ԵՄ-ի կիբեռանվտանգության ռազմավարությունը

վրահանձնաժողովը սեպտեմբերին կվերանայի ԵՄ-ի կիբեռանվտանգության ռազմավարությունը: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՄ-ի անվտանգության հարցերով եվրակոմիսար Ջուլիան Քինգը:

«Եվրահանձնաժողովը սեպտեմբերին կվերանայի ԵՄ-ի կիբեռանվտանգության ռազմավարությունը: Մեզ հարկավոր է ակտիվացնել մեր աշխատանքը»,-ասել է նա: Մասնավորապես, ԵՀ-ն 10,8 մլն եվրո կհատկացնի ԵՄ-ի անդամ 14 երկրների, որպեսզի օգնի նրանց՝ ուժեղացնելու համակարգչային համակարգերի անվտանգությունը:

Բացի այդ, Եվրոպայի կիբեռհանցավորության դեմ պայքարի կենտրոնը Եվրոպոլի կողմից կհանդերձվի անհրաժեշտ ՏՏ-փորձաքննությամբ, հավելել է Քինգը: Հունիսի 27-ին ընդգրկուն կիբեռգրոհ է արձանագրվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընկերությունների դեմ: Group-IB-ի (զբաղվում է կիբեռհանցագործությունների կանխմամբ եւ հետաքննությամբ) նախնական տվյալներով՝ Petya ծածկագրող վիրուսը գրոհել է բազմաթիվ կազմակերպությունների վրա, որոնց թվում են «Ռոսնեֆտը», «Բաշնեֆտը», Mars-ը, Nivea-ն եւ Mondelez International-ը:

Petya-ն արգելափակում է համակարգիչները եւ թույլ չի տալիս գործարկել օպերացիոն համակարգը: Աշխատանքի վերականգնման եւ ֆայլերի վերծանման համար այն պահանջում է բիթքոիններով «փրկագին» 300 դոլարի չափով: Ինչպես հայտնել են ԵՀ-ում, Եվրամիության հաստատությունները չեն տուժել այդ գրոհից: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ), Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ ներքին անվտանգության նախարարությունը հետաքննություն են սկսել Retya շորթիչ-վիրուսի տարածման կապակցությամբ:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ ծածկագրող վիրուսի տարածման շուրջ համագործակցում են այլ երկրների հետ: Նախարարությունը խորհուրդ է տալիս գրոհից տուժածներին՝ փող չվճարել շորթիչներին, քանի որ դա չի երաշխավորում համակարգչի բնականոն աշխատանքի վերականգնումը:

ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարի բաժնի եւ Կիբեռհանցավորության գլոբալ ծրագրի ղեկավար Նիլ Ուոլշը հայտարարել է, որ Petya շորթիչ-վիրուսը տեխնիկապես ավելի բարդ եւ ավելի վտանգավոր է, քան WannaCry-ն:

«(Petya) նոր վիրուսը շորթիչ-վիրուսի միանգամայն նոր տիպ է: Այն իհարկե որոշակի նմանություններ ունի մյուս վիրուսների հետ, բայց հենց այս վիրուսն է համակարգերի վրա գրոհում երեք տարբեր եղանակներով, ուստի այն շատ առավելություններ ունի մյուս վիրուսների նկատմամբ: Իր հերթին WannaCry-ն սոսկ մեկ վնասաբեր կոդ է օգտագործում»,- նշել է կիբեռանվտանգության գծով ՄԱԿ-ի գլխավոր փորձագետը: Ուոլշի խոսքով՝ նոր գրոհն սպառնալիքներ է բերում բացարձակապես բոլոր ձեռնարկություններին, տնտեսություններին, պետություններին, Համացանցի մասնավոր օգտատերերին:

Symantec հակավիրուսային ընկերությունը պնդում է, որ գտել է վիրուսի տարածումը կանգնեցնելու միջոցը: Ընկերության մասնագետները վստահեցնում են, որ օգտատերն իր համակարգչի վարակումը կանխելու համար բավական է, որ մեկ դատարկ ֆայլ ստեղծի C:\Windows-ի թղթապանակում:

Symantec-ում լուծումն անվանում են «պատվաստանյութ» Misha վիրուսի դեմ, որը ծածկագրում է օգտատիրոջ համակարգի տվյալները եւ վերծանման փոխարեն պահանջում 300 դոլար վճարել բիթքոյիններով: Մի շարք այլ ընկերությունների փորձագետներ, որոնք աշխատում են կիբեռանվտանգության բնագավառում, հաստատում են, որ մեթոդը գործում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս